Մատչելիության հղումներ

Առաջիկայում Քոչարյանի հետ համագործակցության հարց չկա․ Ծառուկյան 


Գագիկ Ծառուկյան, Կոտայքի մարզ, 1-ը սեպտեմբերի, 2018 թ․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր մենաբանել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու և ընդդիմադիր բևեռի կենտրոն դառնալու մասին վերջին հայտարարություններին: Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը վստահեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու հարց իրենց օրակարգում չկա:

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին և դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոնը կամ կենտրոններից մեկը: Իսկ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ համագործակցության հավանականության վերաբերյալ նշել էր․ «Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին, ապա հարցրեք այդ կուսակցություններին։ Կարծում եմ` վիճակն այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ հնարավոր է։ Բայց կրկնում եմ` իրենց փոխարեն ես չեմ կարող այսօր որևէ բան ասել»:

Այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հնարավոր համարու՞մ եք ԲՀԿ-ի համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, Ծառուկյանն ասաց․ «Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ»:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի առաջադրմանը: «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Քոչարյանի պնդումները, թե իր նկատմամբ Հայաստանի նոր իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, Ծառուկյանը պատասխանեց․ «Հարցն իրավաբանական տիրույթում է, այնտեղ քննում են, երբ պատասխանը կասեն, նոր մենք մեր կարծիքը, տպավորությունը կասենք»:

Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց՝ իրենք վարչապետ Փաշինյանի թիմի կողքին են ժողովրդի պահանջով: Կշարունակվի՞ այդ համագործակցությունը նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ ու դրանից հետո, այս հարցին ԲՀԿ ղեկավարը պատասխանեց․ «Մենք թեկնածու չենք դրել, չենք առաջադրել, պաշտոնի կարիք չունենք, կանգնել ենք Փաշինյանի կողքին և մեր չափով աջակցել ենք»:

ԲՀԿ առաջնորդն անպատասխան թողեց նաև հարցը՝ արդյո՞ք այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանը փորձել է կապ հաստատել իր հետ և աջակցություն խնդրել: Սակայն նա պարզաբանեց, թե ինչու մեկ տարի առաջ իր ղեկավարած ուժը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին: Նրա խոսքով՝ պատճառն այն էր, որ «բոլոր ճանապարհներն անցնում էին Մելիք Ադամյան փողոցով»: Այդ փողոցում է տեղակայված նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG