Մատչելիության հղումներ

Կրթության նախարարի ֆեյսբուքյան ասուլիսը՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատության» ուղիղ եթերում պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից, ինչպես նաև հաղորդման ամբողջական տեսագրությունը:

«Այնտեղ նվաստացման նշույլ անգամ չկար»

«Ազատություն»․ - Երկու օր առաջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ձեր զրույցից մի փոքրիկ հատված տարածվեց համացանցում, որին շատ հակասական արձագանքներ եղան: Ձեր քննադատները հարցնում են, չե՞ք պատրաստվում արդյոք ասել՝ անգամ եթե չեմ վիրավորել, միևնույնն է, ներողություն եմ խնդրում, եթե Դուք համարում եք, որ ես նվաստացրել եմ տնօրենին:

Արայիկ Հարությունյան․ - Բոլոր նրանք, ովքեր նայել են ամբողջ այդ քննարկումը, դրանից հետո գրառումներ են արել, որ այնտեղ նվաստացման նշույլ անգամ չկար, որովհետև եղել է շատ անմիջական զրույց գործընկերների և այդտեղ որևէ խնդիր չկար: Բոլոր նրանք, ովքեր առանձին այդ դրվագն են նայել, գուցե նրանց մոտ այդպիսի ընկալում և տպավորություն է առաջացել: Ես խնդիր չունեմ որևէ մեկից ներողություն խնդրելու, եթե վիրավորում եմ, բայց այդտեղ նման բան չկար:

Հաջորդ տարվանից դպրոցների ընդունելության համակարգը կփոխվի

«Ազատություն»․ - Դուք հայտարարել էիք, որ մյուս տարվանից դպրոցներն այլևս չեն կարողանալու որոշել, թե որ երեխաներին են ուզում ընդունել դպրոց ու այսպիսով այդ էլիտար դպրոց կոչվածները պիտի հավասարվեն: Դուք վստահեցնո՞ւմ եք, որ չի լինելու նախկինը՝ այդ միասնական էլեկտրոնային համակարգը կներդրվի, և երբ գրանցման մեկնարկը տրվի, չի բացվի ու ծնողները «անակնկալի» չեն գա, չի պարզվի, որ դպրոցներ կան, որոնք արդեն ունեն նախապես հերթագրված աշակերտներ:

Արայիկ Հարությունյան․ - Բացվել է զրոյացված համակարգ, և յուրաքանչյուր ծնող, տեսնելով տվյալ դպրոցի էջը, մուտք է գործելու և անհրաժեշտ փաստաթղթերն է ներբեռնելու, տվյալներ է ներբեռնելու այնտեղ և այդպիսով արդարացիորեն իր երեխան տեղ կզբաղեցնի տվյալ դպրոցում։ Իսկ երբ տվյալ դպրոցի տեղերը լրանան, ծնողը պետք է այլ դպրոցում պետք է փորձի տեղ փնտրել:

Սա երկու նպատակով ենք արել: Նախ՝ սրանով կոռուպցիոն ռիսկերը զգալի նվազում են, որովհետև շատ հաճախ, երբ ծնողները գնում են դպրոց, իրենց ասում են՝ տեղ չկա այստեղ, և որևէ մեկը չի կարող ստուգել՝ տեղ կա, թե չէ: Իհարկե, պետք է տնօրենները ամեն օր փակցնեն, թե որքան տեղ է զբաղեցվել դպրոցում, առաջին դասարաններում որքան թափուր տեղ կա, բայց դա սովորաբար չի արվում: Հիմա համացանցում դա կլինի, ժամկետ կլինի: Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ ժամկետը ավելի շուտ լինի, քան ներկայում է տեղի ունենում, որպեսզի այս խառնաշփոթներից փորձենք խուսափել:

Բացի այդ, Արցախում մի հետաքրքիր փորձ կա, որը թերևս այստեղ էլ կներդնենք արդեն եկող տարի․ ծնողը չի ընտրում, թե որ դասարան է գնալու երեխան և ծնողը չի ընտրում՝ որ դասվարի մոտ է գնում երեխա: Սա էլի փորձ է այդ սուպերէլիտար դասարանների ձևավորումը կանխելու համար, որպեսզի լինի հավասար միջավայր:

«Շախմատը լավ առարկա է»

«Ազատություն»․ - Օգտատերերից մեկը ասում է՝ ներկայումս դպրոցների ճնշող մեծամասնությունում շախմատի ուսուցիչը պրոֆեսիոնալ շախմատիստ չէ, այլ պարզապես գիտի շախմատ խաղալ՝ լավագույն դեպքում: Չե՞ք կարծում, որ այն դարձնելով պարտադիր բոլոր դպրոցներում, արհեստականորեն իջնում է դասավանդման մակարդակը: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե շախմատը ուսուցանվեր միայն ընտրովի դպրոցներում, այսպիսով լուծելով նաև ուսուցիչների որակավորման խնդիրը:

Արայիկ Հարությունյան․ - Այստեղ խնդիրը ոչ միայն շախմատի ուսուցիչների հետ է կապված, այլ նաև, օրինակ, ՆԶՊ առարկայի հետ, որովհետև այստեղ էլ մենք «Հանրակրթության մասին» օրենքի առումով հակասություն ունենք։ Օրենքը ասում է, որ որակավորում պետք է ունենա այն մասնագետը, ով աշխատում է դպրոցում՝ ուսուցչի, մանկավարժի որակավորում: Եվ այստեղ պետք է որոշումներ կայացնենք և լուծումներ տանք։

Մարզերում կան շատ թափուր տեղեր, և շատ մասնագետներ՝ օրինակ ֆիզիկայի մասնագետը, չի կարողանում դպրոցում մասնակցել ուսուցչի մրցույթին, որովհետև չունի մանկավարժի դիպլոմ ...

Բայց այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս: Հիմա մարզերում կան շատ թափուր տեղեր, և շատ մասնագետներ՝ օրինակ ֆիզիկայի մասնագետը, չի կարողանում դպրոցում մասնակցել ուսուցչի մրցույթին, որովհետև չունի համապատասխան որակավորում, պայմանական՝ մանկավարժի դիպլոմ: ԵՎ հիմա մենք մտածում ենք մի համակարգ ստեղծել՝ գուցե դա մագիստրոսական կարճ դասընթացներ կլինեն, որը անցնելուց հետո տվյալ մասնագետը՝ օրինակ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետն ավարտած, բակալավրիատն ավարտած մասնագետը կարող է անցնել այդ կուրսը, ստանալ ուսուցչի որակավորում և տեղ զբաղեցնել դպրոցում: Մենք սրանով նաև թափուր աշխատատեղերի և մասնագետների հարցը կլուծենք: Այսօր մարզերում իրականում այդ խնդիրը մեծ է:

Իսկ շախմատի հետ կապված՝ այո՛, հաճախ չունեն մասնագետները ուսուցչի որակավորում և դասարաններում նույնիսկ խնդիր է առաջանում:

ՆԶՊ-ի հետ կապված․ զինվորականը զորացրվում է, իրեն տեղավորում են դպրոցում, իրեն թվում է՝ ինքը զորամասից զորամաս է եկել ...

Նույն ՆԶՊ-ի հետ կապված՝ զինվորականը զորամասից զորացրվում է, իրեն տեղավորում են դպրոցում, իրեն թվում է՝ ինքը զորամասից զորամաս է եկել և նույն կերպ պետք է վարվի աշակերտների հետ դպրոցում, ինչպես զինվորականների հետ: Այսպիսի դեպքեր էլ կան, որոնց պետք է անդրադառնանք:

Նույն շախմատին եթե անդրադառնանք՝ շախմատը լավ առարկա է, թերևս մենք այստեղ ծանրաբեռնվածությունը քչացնենք: Շատ հաճախ ասում են՝ շախմատը մտցրել են ծնողների համար, որովհետև տնային առաջադրանքները շատ են լինում: Հիմա պետք է այնպես անել, որ հիմնական գիտելիքը աշակերտը ստանա դպրոցում, ուսուցչից:

Ե՞րբ են թեթևանալու պայուսակները

«Ազատություն»․ - Մի խումբ ծնողներ հարցնում են՝ ե՞րբ են թեթևանալու տարրական դասարանների երեխաների պայուսակները:

Արայիկ Հարությունյան․ - Ընդհանուր առարկաների դասագրքերի չափորոշիչների հետ կապված հիմա կան տարբեր խմբեր, որոնք աշխատում են: Հաջորդ տարվանից մենք արդեն կունենանք որոշակի փոփոխություններ:

Դասագրքերի թեթևացման հետ կապված կա խնդիր: Կա առողջապահության նախարարի հրաման ծանրության հետ կապված, որը առայժմ չի լուծվել և ես նույն տպագրիչների հետ էլ եմ խոսել, փորձում ենք մենք հնարավորինս լայն քննարկում անցկացնել, գտնել այնպիսի նյութեր, որ զգալիորեն կթեթևացնեն դասագրքերը:

Դպրոցներում հեռախոսների «արգելքի հետ կապված որոշում չկա»

«Ազատություն»․ - «Սեպտեմբերի 1-ից՝ դասի առանց հեռախոսի»․ այս կարգախոսը պտտվում է ֆեյսբուքում: Սա որոշո՞ւմ է, սա մտահոգությո՞ւն է:

Արայիկ Հարությունյան․ - Նայեք՝ Ֆրանսիայում ընդունեցին օրենք, որ դասաժամերի ընթացքում դպրոցներում պետք է արգելել հեռախոսը: Եվ ծնողները, ուսուցիչները սկսեցին ինձ դիմել՝ բա ինչո՞ւ սա չենք անում Հայաստանում: Ես մի այդպիսի գրառում արեցի ֆեյսբուքում կարծիք իմանալու համար, և, իհարկե, մեծամասնությունը կողմ էր, որպեսզի դասաժամերի ընթացքում հեռախոսը արգելվեր:

Այստեղ մի շարք խնդիրներ կան: Առաջինը՝ պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքներ դպրոցներում, եթ նման որոշում կայացվի: Այսինքն՝ պետք է առանձին պահարան ունենա աշակերտը, հեռախոսը դնի և տուն գնալիս իր պահարանից հեռախոսը վերցնի և դուրս գա: Բայց սրա հետ կապված որոշում չկա: Ես տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասացի, որ իրենք իրավասու են իրենց դպրոցների շրջանակներում, ուսուցիչները իրենց դասերի ժամանակ իրավասու են այդ խնդիրները կարգավորելու, խնդրելու աշակերտներին, որպեսզի հեռախոսները ինչ֊որ տեղ պահեն՝ մի դարակում, հետո վերադարձնեն իրենց, եթե խանգարում է, բայց նաև երբեմն այս ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ժամանակահատվածում հեռախոսները անհրաժեշտ են նաև դասընթացի ընթացքում ինչ-ինչ նյութերից օգտվելու: Այդ դեպքում չես կարող արգելել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG