Մատչելիության հղումներ

Ալիևն ու Պուտինը կքննարկեն տնտեսական համագործակցության խորացման հետ կապված հարցեր


Արխիվ
Արխիվ

Սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը․ Ալիևը Ռուսաստան է մեկնում պաշտոնական այցով:

«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները, ներառյալ՝ առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության հեռանկարները: Մտքեր են փոխանակվելու նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պաշտոնական հաղորդագրությունում նաև նշված է, որ բանակցությունների արդյունքում նախատեսվում է միջկառավարական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթերի ստորագրում: Սպասվում է, որ Սոչիում կստորագրվեն տնտեսական համագորածակցության խորացմանն ուղղված մի շարք համաձայնագրեր։

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ֆուադ Ախունդովն ավելի վաղ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել էր․ «Մեր նախագահներն ուզում են, որ մեր գործարարներն ակտիվորեն համագործակցեն։ Սոչիում քննարկվելու է ռուս-ադրբեջանական համագործակցությունը նաև էներգետիկայի ոլորտում: Ադրբեջանական կողմն ուզում է, որ ռուսաստանցի գործարարներն ակտիվորեն ներդրումներ կատարեն Ադրբեջանի տարանցիկ ծրագրերում»:

Ախունդովը նշել է նաև, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար Ռուսաստանը բոլորից շատ հնարավորություններն ունի: Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ երկու նախագահները քննարկելու են նաև ղարաբաղյան խնդիրը։

Ռուսաստանն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից է․ առաջին հնգյակում զիջում է միայն Իտալիային և Թուրքիային։ Միայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1 միլիարդ 3 միլիոն դոլար։ Ռուսական ներդրումներն Ադրբեջանի տնտեսությունում կազմում են շուրջ 4 միլիարդ դոլար։ Ալիևի այցը նպատակ ունի ընդլայնել տնտեսական համագործակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG