Մատչելիության հղումներ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեկնում է նոր հյուրախաղերի


Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանդին Օրբելյան, արխիվ

Մեկ ամիս առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրախաղերի էր մեկնել Մոսկվա, որտեղ Մեծ թատրոնում ներկայացրել էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Եվ ահա, մեկ շաբաթ անց էլ, օպերային թատրոնը նոր հյուրախաղերի է մեկնում․ սեպտեմբերի 6-15-ն ընկած ժամանակահատվածում թատրոնը հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում՝ ներկայացնելով Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ » հանրահայտ օպերաները:

Ուշագրավ է հանգամանքը, որ այս հյուրախաղերը ֆինանսավորվել են հյուրընկալող երկրի և անձամբ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանդին Օրբելյանի կողմից: Իսկ թե ինչու է Օրբելյանն իր անձնական միջոցները ծախսել, «Ազատության» հետ զրույցում վերջինս պարզաբանեց՝ մեր պետությունը միջոցներ չունի: Օրբելյանը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է ցույց տալը ոչ թե այն, թե ինքն անձամբ ինչի է ընդունակ, այլ հնարավորությունը՝ մեր թատրոնը ներկայացնել իր ողջ հմայքով ու ներուժով:

Հենց այդպես էլ եղել է մոսկովյան հյուրախաղերի ժամանակ, Մեծ թատրոնում: «Շատ գեղեցիկ էր, ես այնքան հպարտ էի, հուզված, արցունքակալած աչքերով: Պատկերացնու՞մ եք՝ Մինասյանի բեմանկարները Մեծ թատրոնում, Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Պարզապես հրաշք էր, այդ ամենը Հայաստանն էր, մենք էինք, բոլորս»,- պատմում է Կոնստանտին Օրբելյանը:

Ի դեպ, Մոսկվայի հյուրախաղերից հետո ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը գրել էր, թե ներկայացումը տապալվել է, ինչը կտրուկ կերպով հերքեցին օպերային թատրոնի ղեկավարներն ու թատերախումբը՝ դա հերյուրանք անվանելով:

Նշենք, որ օպերային թատրոնը հյուրախաղերի հրավեր է ստացել նաև Միացյալ Նահանգներից: 2 տարի անց, 2020 թվականին, 25-35 համերգներով թատրոնը հանդես է գալու ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: «Այսպիսի մեծ հյուրախաղեր երբեք չենք ունեցել»,- ասում է Կոնստանդին Օրբելյանը և հույս հայտնում, որ ամերիկյան լավագույն քաղաքներում նախատեսված համերգները շատ հետաքրքիր ու գեղեցիկ կերպով կանցկացնեն՝ ներկայացնելով մեր օպերային թատրոնի արվեստն ու վարպետությունը:

Օրբելյանը նաև հույս հայտնեց, որ ի վերջո կհաջողվի նաև այստեղ՝ Հայաստանում լուծել թատրոնի որոշակի խնդիրները, որոնք բոլորը ֆինանսական միջոցների սղության հետ են կապված: Հարկ է նախ մեծացնել նվագախմբի երաժիշտների թիվը, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ ներկայացումներ բեմադրել: Բազմաթիվ ստեղծագործական ծրագրեր ունեն, որոնց իրականացումը փող ու ժամանակ է պահանջում:

«Իսկ փող, ցավոք, պետությունը չունի»: ««Կարմեն» և «Կախարդական սրինգ» օպերաների բեմադրության համար ես միայն իմ միջոցներն եմ ծախսել, ոչ մի լումա՝ թատրոնից, պետությունից, որովհետև պետությունը պարզապես չունի այդ գումարները»,- ասում է Օրբելյանը:

Ռեպորտաժն ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG