Մատչելիության հղումներ

Էրդողանը հերթական սպառնալիքներն է հնչեցնում «որոշ շրջանակների» հասցեին


Արխիվ
Արխիվ

Թուրքիան վճռական է իր բանակն արդիականացնելու և հզորացնելու հարցում: «Մեր թշնամիները ծնկի են գալու, մենք դառնալու ենք առավել հզոր»,- այսօր Բալիկեսիր նահանգում ռազմական ուսումնարանի ավարտական միջոցառման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Դիմելով թուրքական բանակի ապագա սպաներին, Էրդողանն ասել է՝ Թուրքիան հիմա ճնշումների է ենթարկվում որոշ շրջանակների կողմից, որոնք փորձում են վերաձևել տարածաշրջանի քարտեզն ըստ իրենց շահերի: «Մենք, սակայն, այդ սցենարների հետ չենք համակերպվի և թույլ չենք տա, որ այլոք որոշումներ կայացնեն մեր փոխարեն»,- պնդել է թուրք առաջնորդը:

Թե հատկապես որ երկրին են ուղղված այս դժգոհությունները, էրդողանը չի բացահայտել, բայց ընդգծել է՝ Անկարան չի հրաժարվի ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերից, որոնց ձեռքբերումը ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները սպառնալիք են համարում իրենց օդանավերի համար: «Մենք մեր կայացրած որոշումների համար չենք զղջում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը, հավելելով․ «Թուրքիան S-400 -ի կարիքն ունի, և այս հարցով գործարքն արդեն կնքված ավարտված է: Աստծո կամոք, մենք դրանք կստանանք հնարավորինս արագ ու կարճ ժամկետներում»:

Ըստ համաձայնագրի, ռուսական արդիական այդ համակարգերը Թուրքիա են հասնելու մինչև 2020 թվականը: Սակայն անցած ապրիլին, ընդառաջելով թուրքական կողմի խնդրանքին, Ռուսաստանի նախագահը խոստացավ արագացնել մատակարարումը: Վաշինգտոնը, որը ռուս-թուրքական բանակցությունների առաջին իսկ օրվանից ընդդիմանում է այդ գործարքին, ամիսներ առաջ սկսեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Կոնգրեսը հատուկ օրինագիծ ընդունեց, որն արգելում է ամերիկյան գերժամանակակից, անտեսանելի համարվող F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, եթե Անկարան չհրաժարվի ռուսական համակարգերից: Էրդողանն այսօր արձագանքել է՝ ճնշումների առաջ տեղի չեն տա: Նաև հիշեցրել է, որ ամերիկյան կործանիչների համար Անկարան գումարը նախապես է վճարել:

«Մինչ օրս, ինչպես և համաձայնագիրն է պահանջում, մենք 900 միլիոն դոլար ենք վճարել և շարունակում ենք վճարել: Այդ գործարքով մենք 120 հատ F-35 կործանիչ ենք ստանալու, ուզեն, թե չուզեն»,- ասել է Էրդողանը: Ավելին՝ Թուրքիայի առաջնորդը պնդել է, թե ԱՄՆ-ն և արևտմյան երկրներն ամենադժվարին պահին երես են թեքում Թուրքիայից, հրաժարվում զենք ու զինամթերք վաճառել, «բայց մեծ հաճույքով նույն այդ զինատեսակները տալիս են ահաբեկչական խմբավորումներին, այն էլ՝անվճար»:

Սրանով Արևմուտքի, մասնավորապես, Միացյալ Նահանգների հասցեին Էրդողանի քննադատությունները չեն ավարտվել: «Նրանք Թուրքիայի դեմ լայնածավալ արշավ են սկսել, և այդ պլանի մի մասն էլ ենթադրում է տնտեսական ճնշումներ, վայրիվերումներ ֆինանսական շուկայում, որպեսզի հարվածի տակ դնեն մեր ազգային արժույթը»,- ասել է Ռեջեփ Էրդողանը, հավաստիացնելով՝ Թուրքիան կարող է դիմակայել նաև այդ հարձակմանը:

«Պարտադիր չէ տաղանդավոր լինել՝ հասկանալու համար, թե ով է կանգնած արժույթի այս վայրիվերումների հետևում: Ամեն ինչ ակնհայտ է, մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք մեր տնտեսության լավ ու վատ կողմերից, և ես կրկին այս ամբիոնից հայտարարում եմ՝ սա տնտեսական հարձակում է Թուրքիայի դեմ: Եվ բոլոր նրանց, որոնք հարցնում են՝ վերջն ի՞նչ է լինելու, ես պատասխանում եմ՝ հավատացեք, սա էլ է անցնելու»,- շարունակել է Թուրքիայի նախագահը:

Թուրքական լիրան սկսեց կտրուկ արժեզրկվել այս ամսվա սկզբից, երբ Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Անկարայի նկատմամբ՝ ամերիկացի պաստրո Էնդրյու Բրանսոնի ազատազրկման պատճառով: Թուրքիայի իշխանությունները երկու տարի է՝ անազատության մեջ են պահում 50-ամյա հոգևորականին, սպառնալով 35 տարվա բանտարկության դատապարտել նրան՝ լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու համար:

Ամերիկյան կողմն այդ մեղադրանքները հորինված ու ապօրինի է որակում: ԱՄՆ նախագահ Թրամփը բողոքական պաստորին համարում է գերի՝ Էրդողանի վարչակազմի ձեռքում, իսկ նրա ազատազրկումը՝ խայտառակություն: Նախօրեին «Բլումբերգին» տված հացազրույցում Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե «շատ հիասթափված է Էրդողանից»: Թրամփի հետ զրույցից հետո «Բլումբերգի» լրագրողները պատմել են, որ ԱՄՆ նախագահն ընդհանրապես չի ցանկացել այդ խնդրին անդրադառնալ, խոստովանելով, որ դա շատ ցավոտ հարց է իր համար: «Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ, շաբաթներ առաջ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարն ասել էր, որ Վաշինգտոնն այժմ նոր, առավել կոշտ պատժամիջոցներ է նախապատրաստում Թուրքիայի նկատմամբ: Փոխնախագահ Մայք Փենսն էլ «Թվիթերում» արած գրառմամբ Անկարային հորդորել էր «չփորձել նախագահ Թրամփի համբերությունն ու անհապաղ ազատ արձակել պաստորին»:

Թուրք-ամերիկյան օր-օրի խորացող լարվածության ֆոնին՝ այսօր Կրեմլը հաղորդեց, որ հաջորդ շաբաթ, սեպտեբերի 7-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հերթական հանդիպումն են ունենալու Թեհրանում՝ սիրիական ճգնաժամի կարգավորման օրակարգով: Սա Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի արդեն 12-րդ հանդիպումը կլինի վերջին երկու տարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG