Մատչելիության հղումներ

Կրթությունը 21-րդ դարում յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքը պետք է լինի. Փաշինյան


Բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է, այսօր «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին մրցանակներ հանձնելուց հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կրթության կարևորության արձանագրումը հատկապես կարևոր է նոր Հայաստանում: Ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք, թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում և ինչ է տեղի ունեցել արդեն. ոչ վաղ անցյալում անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ՝ ավելի շատ բնազդական։ Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից, ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետև նոր Հայաստանի, նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր հնարավորի սահմաններն ընդլայնվում են, և ձեզնից յուրաքանչյուրն ունի հավասար հնարավորություն այն ընդլայնվող դաշտից օգտվելու, սա է ամենակարևոր արձանագրումը», - ասաց վարչապետը։

Կրթությունը, Փաշինյանի խոսքով, 21-րդ դարում յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքը պետք է լինի, ամենակարևոր զբաղմունքը պետք է լինի։

«Անհրաժեշտ է որ մեզնից յուրաքանչյուրն իր համար արձանագրի, թե որքանով է կրթությունն իր համար շարունակում լինել ամենօրյա անելիք», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ինչպես դուք եք այսօր վստահ քայլերով գնում դեպի լավագույն արդյունքը, մենք բոլորս՝ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը վստահ և ամուր քայլերով գնում ենք միասին դեպի լավագույն արդյունքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG