Bloomberg-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նորից խոսել է 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննության մասին և հերթական անգամ պնդել է, որ այդ գործը շինծու է, իսկ բուն հետաքննությունը՝ «ապօրինի»:
Նա ասել է, թե չի ցանկանում հիմա պաշտոնանկ անել արդարադատության նախարար Ջեյմս Սեշնզին և նրան թույլ կտա աշխատել առնվազն մինչև այս տարվա նոյեմբերին կայանալիք «միջանկյալ» ընտրությունները:
«Ես շատ կցանկանայի, որ նա [Սեշնսը] հետաքրքրվեր նաև մյուս կողմին առնչվող հարցերով», - ասել է Թրամփը՝ ակնարկելով 2016 թվականի ընտրություններում իր դեմոկրատական մրցակից Հիլարի Քլինթոնին վերագրվող խախտումները:
Հարցազրույցում Թրամփը քննադատել է Սեշնսին Մյուլերի թիմի վարած հետաքննության համար:
Արդարադատության նախարարն անցյալ տարվա մարտին հրապարակավ հայտարարել էր, թե չի ցանկանում որևէ առչություն ունենալ ռուսական միջամտության հետաքննության հետ, քանի որ միջամտությունը նախարարի պաշտոնում կարող է որակվել որպես պաշտոնեական դիրքի չարաշահում և շահերի բախում: Ուստի, ունենալով հետաքննությունը հսկողության տակ պահելու լծակներ, ինքը դրանցից հրաժարվում է և իր դերակատարությունն այդ հարցում սառեցնում է:
Դրանից հետո ԱՄՆ-ի արդարադատության փոխնախարար Ռոդ Ռոզենշտայնը Մյուլերին նշանակել էր ռուսների միջամտության գործով հատուկ դատախազ:
Նախարարի այդ քայլը զայրացրել էր Թրամփին, ով ասել էր, թե Սեշնսը պարզապես ժամանակին պետք է փակեր այդ հետաքննությունը:
Մյուլերի խումբը հետաքննում է ռուսների հետ Թրամփի նախընտրական թիմի հանդիպումների հանգամանքը և ցանկանում է պարզել, թե արդյոք նախագահը չի դիմել արդարադատությունը խոչընդոտելու փորձերի:
«Ես այլ տեսակետից եմ նայում այդ հարցին: Մեծ թվով անվանի իրավաբաններ ասում են, որ հատուկ դատախազ նշանակելու կարիք ընդհանրապես չի եղել, դա ապիօրինի հետաքննություն է», - Bloomberg-ին ասել է Թրամփը:
Անցյալ շաբաթ նախագահը պատասխանել է նաև Fox News հեռուստակայանի հարցերին՝ ասելով, թե նախարար Սեշնսն այլևս չի կարողանում վերահսկել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքը, ինչը «շար տխուր բան է»:
Թրամփն ասել է, որ եթե այդպես շարունակվի, ինքը ստիպված կլինի «միջամտել ու շտկել այդ ընթացքը»:
Ջեյմս Սեշնսն արձագանքել է՝ ասելով, թե քանի դեռ ինքն է արդարադատության նախարարը՝ «քաղաքական նկատառումները որևէ ազդեցություն չեն գործի գերատեսչության գործողությունների վրա»:
Թրամփի կուսակից հանրապետականներից շատերը համոզված են, որ երեկ Bloomberg-ին տված հարցազրույցով նախագահը միանշանակ նկատել է տվել, որ նոյեմբերյան ընտրություններից հետո կնշանակի արդարադատության նոր նախարար:
Երեկ Թրամփն ասել է նաև, թե դեմոկրատները չպետք է փորձեն օրակարգ բերել իմպիչմենտի հարցը:
«Չեմ կարծում, թե հնարավոր է իմպիչմենտի ենթարկել նրան, ով հիանալի է աշխատում, տեսեք, թե տնտեսական ինչ զարգացում է, տեսեք, թե ինչպես է ավելանում աշխատատեղերի թիվը, նայեք, թե ինչ է արվում աշխարհում, նայեք, թե միջազգային առևտրի ասպարեզում ինչ գործարքներ ենք կնքում: Ես շատ լավ եմ աշխատում», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Նրա փոխանցմամբ, եթե ինքը ենթարկվի իմպիչմենտի, դա ապագայում վտանգ կդառնա ցանկացած նախագահի համար բոլոր այն դեպքերում, երբ մրցակից կուսակցությունը մեծամասնություն ապահովի Կոնգրեսում:
Ըստ ամերիկացի վերլուծաբանների, Թրամփի իմպիչմենտի հեռանկարը շատ անորոշ է:
Մեծամասնություն ապահովելու համար դեմոկրատներին պետք է նոյեմբերին վաստակել ևս 23 տեղ Ներկայացուցիչների պալատում:
Ավելի դժվար է, թեպետ հնարավոր է, Սենատում մեծամասնության համար ստանալ ևս 2 տեղ:
Բայց իմպիչմենտի խնդիրը շատ բարդ է, քանի որ եթե նախագահին պաշտոնանկ անելու որոշման օգտին Ներկայացուցիչների պալատում պետք է քվեների պարզ մեծամասնությունը, ապա Սենատում անհրաժեշտ է քվեների երկու-երրորդը, ինչը նշանակում է, որ իմպիչմենտի օգտին պետք է քվեարկեն նաև մեծ թվով հանրապետականներ: