Ռուսական և ադրբեջանական մամուլը հայտնում է, որ վաղը՝ սեպտեմբերի 1-ին Ռուսաստան է ժամանելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա։
Ըստ մամուլի հրապարակումների, նախատեսվում է, որ այցի շրջանակում կնքվելու է տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման մասին պայմանագիր։
Այսօր էլ Ռուսաստանն Ադրբեջանի հիմնական առևտրական գործընկերներից է։ Առաջին հնգյակում զիջում է միայն Իտալիային և Թուրքիային։
Միայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է 1 միլիարդ 3 միլիոն դոլար։
Ռուսական ներդրումներն Ադրբեջանի տնտեսությունում կազմում է շուրջ 4 միլիարդ դոլար։ Ալիևի այցի շրջանակում նախատեսված է ընդլայնել այս համագործակցությունը։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի այսօր թերևս ամենից շատ քննարկվող հարցերից մեկն էլ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունն է Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ին։
Նախօրեին Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Հուսեինը հայտարարել էր, թե ժամանակն է, որ Բաքուն քննարկի ՀԱՊԿ-ին միանալու հարցը։
Հայաստանի արտգործնախարարությունն այս կապակցությամբ հայտարարել էր, որ եթե պաշտոնական Բաքուն նման ցանկություն հայտնի, ապա Հայաստանը որպես կազմակերպության հիմնադիր անդամ կօգտագործի վետոյի իր իրավունքը։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը և Տաջիկստանը։