Մատչելիության հղումներ

Իսրայելի դատախազությունը մեղադրանք կառաջադրի Ադրբեջանին անօդաչու սարքեր մատակարարող ընկերության ղեկավարներին


Իսրայելական անօդաչու թռչող սարք, արխիվ
Իսրայելական անօդաչու թռչող սարք, արխիվ

Իսրայելի դատախազությունը չորեքշաբթի երեկոյան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն` մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defence Systems ընկերության մեկ տասնյակ աշխատակիցների պաշտոնական մեղադրանք է առաջադրվելու և մոտ ապագայում նրանց գործն ուղարկվելու է դատարան:

The Times of Israel պարբերականի տեղեկություններով՝ ընկերության ներկայացուցիչների դեմ հարուցված մեղադրանքի պատճառը 2017-ի ամռանը հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպն է, որի ընթացքում Ադրբեջանին Orbiter 1K տեսակի անօդաչու սարքեր վաճառող Aeronautics Defence Systems ընկերության ներկայացուցիչները որոշել էին իրենց արտադրանքի կարողությունները պատվիրատուներին ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ:

Դեռ մեկ տարի առաջ իսրայելական մամուլը տեղեկացրել էր, որ Aeronautics Defence Systems-ի՝ Ադրբեջան մեկնած երկու շարքային աշխատակիցները հրաժարվել էին դիմել այդ քայլին, ինչից հետո անօդաչու թռչող սարքի կառավարումը ստանձնել էին ընկերության` Բաքու մեկնած բարձրաստիճան աշխատակիցները: Փորձի պակասի պատճառով, սակայն, նրանց կողմից կառավարված հարվածը սպասվածից ավելի թույլ էր ստացվել` երկու հայ զինծառայողների թեթև վիրավորման պատճառ դառնալով:

«Վերջին մեկ տարում այս միջադեպը հետաքննում էին իսրայելական միանգամից մի քանի գերատեսչություններ` ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության բաժինը, Գլխավոր դատախազությունը և Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը»,- գրում է The Times of Israel-ը, տեղեկացնելով նաև, որ այս միացյալ հետաքննության արդյունքում գործում որպես մեղադրյալ է ներգրավվելու Aeronautics Defence Systems ընկերության գրեթե ողջ ղեկավարությունը:

Դատախազությունը պատրաստվում է մեղադրյանք առաջադրել ընկերության գործադիր տնօրեն Ամոս Մատանին, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչին, ընկերության զարգացման և մարկետինգի գծով տնօրեններ Հաիմ Հիվաշարին և Դավիդ Գոլդինին: Aeronautics ընկերությունը և դրա 10 աշխատակիցներն արդեն իսկ տեղեկացվել են, որ նրանց մեղադրանք է առաջադրվելու»,- հայտարարում է իսրայելական դատախազությունը:

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ընկերության աշխատակիցներին կասկածում են խարդախության, ինչպես նաև իսրայելակայն զենքի արտահանումը կանոնակարգող՝ «Պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողության մասին» օրենքի մի շարք դրույթներ խախտելու մեջ: Ուշագրավ է, սակայն, որ Իսրայելի դատախազությունը երեկվա իր հայտարարության մեջ գերադասել է հանդես գալ ընդհանուր ձևակերպումներով` խուսափելով հիշատակել Լեռնային Ղարաբաղը կամ Ադրբեջանը:

Aeronautics Defence Systems ընկերությունը չորեքշաբթի երեկոյան հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, կրկին պնդելով, թե հարուցված քրեական գործն ու ներկայացվող մեղադրանքները պետք է չեղարկվեն:

«Մենք համոզված ենք, որ երբ մեր մոտեցումները ներկայացնենք [դատական] լսումների ընթացքում, գլխավոր դատախազությունը, ստացված տեղեկատվության հիման վրա, գործը դադարեցնելու որոշում կկայացնի: Բանն այն է, որ մեր ընկերությանը մեղադրանքներ ներկայացնելու որևէ պատճառ գոյություն չունի»,- նշված է Aeronautics Defence Systems-ի հայտարարության մեջ:

Դեռ մեկ տարի առաջ ընկերության ներկայացուցիչները հայտարարում էին, որ սպառազինության արտադրությամբ զբաղվող այս ընկերությունն «իր արտադրանը երբեք կենդանի թիրախների վրա չի ցուցադրում»: Անցած տարվա նոյեմբերին Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները նշում էին, թե պատրաստ են համակողմանիորեն գործակցել նախաքննական մարմինների հետ` «անելով հնարավորը, որպեսզի հետաքննությունն արագորեն ավարտին մոտենա»:

Նման շտապողականության պատճառները պատահական չեն: Հետաքննության ընթացքում Aeronautics Defence Systems-ը բավական լուրջ ֆինանսական կորուստներ է կրել: 2017-ի օգոստոսի սկզբին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետ էր կանչել Aeronautics Defense Systems-ին տրամադրած արտահանման արտոնագիրը, որով ընկերությունը հնարավորություն էր ստանում միջազգային շուկայում վաճառքի հանել Orbiter 1K տեսակի անօդաչու սարքերը: «Խոսքը, մասնավորաբար, 20 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ մի գործարքի սառեցման մասին էր»,- գրում է The Times of Israel-ը, հավելելով՝ թեև ընկերությունը չի հրապարակում պատվիրատուի անունը, սակայն ներքին տեղեկատվության համաձայն, խոսքը կրկին Ադրբեջանի մասին էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG