Մարտի 1-ի զոհերի հարազատները վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո եկել են այն համոզման, որ արյունալի իրադարձություններից 10 տարի անց ի վերջո կբացահայտվեն սպանություններն ու մեղավորները կկանգնեն դատարանի առջև։
Մարտի 1-ի զոհ Հովհաննես Հովհաննիսյանի այրին՝ Լիլիա Մինասյանը, ևս մասնակցել է վարչապետի հետ հանդիպմանը: - «Բացահայտվելու է Մարտի 1-ը մինչև վերջի՝ ամենացածր մարդուց սկսած: Ուղղակի ես հիմա իմաստը չեմ հասկանում Քոչարյանի ելույթների, արդարանալու, НТВ-ի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լիլիա Մինասյանը:
Երեկ վարչապետ Փաշինյանը կառավարությունում հանդիպել էր մարտի 1-ի զոհերի հարազատներին և նշել՝ այս ընթացքում նման հանդիպում ունենալը միշտ էլ իր օրակարգում եղել է, պարզապես ցանկանում էր, որ հանդիպեն այնպիսի պայմաններում, երբ շատ կոնկրետ արդյունքներ ունենան Մարտի 1-ի գործի բացահայտման առումով:
«Վերջին ամիսներին Մարտի 1-ի գործի բացահայտումը բավականաչափ առաջ է ընթացել, և օգոստոսի 17-ի հանրահավաքում ես հայտարարեցի, որ, ըստ էության, բացահայտված եմ համարում ընդհանուր առմամբ Մարտի 1-ի գործը. մնում է ապահովել պայմաններ, որ այդ բացահայտումը հասնի իր բոլոր մանրամասներին և վերաբերի բոլոր դետալներին՝ այդ թվում նաև կոնկրետ սպանություններ իրականացնողներին և կոնկրետ հանգամանքներին: Բնականաբար, ես նախաքննության ողջ ընթացքին և ծավալներին տեղյակ չեմ և կարող եմ հետևություններ անել այն հայտարարություններից, որ հնչեցրել է Հատուկ քննչական ծառայության պետը և այն մեկնաբանություններից, որ ընդհանրապես այդ կապակցությամբ հնչում են: Եվ կարծում եմ՝ այդ հայտարարությունները հույս են տալիս, որ մենք ամբողջական, բոլոր մանրամասներով բացահայտումներ կունենանք: Ավելորդ է ասել, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը մեր կառավարության համար, ինձ համար և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի և քաղաքացիական արժանապատվության խնդիր է, և որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ՝ անկախ այդ ոճրագործների անուն-ազգանուններից, ներկայում կամ անցյալում զբաղեցրած պաշտոններից և ունեցած կարգավիճակից»:
2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների հետևանքով զոհվածների հարազատների հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը, կարևորելով գործի բացահայտումը, հավելել էր․ - «Որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ՝ անկախ այդ ոճրագործների անուն-ազգանուններից, ներկայում կամ անցյալում զբաղեցրած պաշտոններից և ունեցած կարգավիճակից»:
Մարտի 1-ի զոհերի հարազատները պնդում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է հայտնվի ճաղերի հետևում։ Նրանք պատրաստվում են վճռաբեկ ատյանում բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին:
Հովհաննես Հովհաննիսյանի այրու կարծիքով, ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է ճնշում գործադրել գործով անցնող վկաների վրա․ - «Եթե մեղք չուներ, ինքը հենց մարտի 1-ից հետո պետքա էս հարցը բարձրացներ, հաներ ջրի երես: Թեկուզ՝ ինքը չէ, Սերժը: Եթե երկուսն էլ անձեռնմխելի մարդիկ են, կարան մարդկանց սպանեն ու 10 տարի լռեն, ուրեմն մեղավոր են»:
Մարտի 1-ի զոհ, ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը ևս չի ուզում ազատության մեջ տեսնել Քոչարյանին։ Ասում է, որ Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ չէր հանդիպում։ - «Անցած տասը տարիներին Փաշինյանը մեր կողքն է եղել», - ասում է Մարտի 1-ի զոհի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը։
Իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք առաջադրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և մայրաքաղաքի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին, իսկ 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։