Մատչելիության հղումներ

Հայաստանը հետաքրքրված է հնդկական սպառազինությամբ․ ՊՆ


Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը գտնվում է Հնդկաստանում, ուսումնասիրում է հնդկական արտադրության որոշ զինատեսակներ, և դրանցից մի քանիսը հետաքրքրություն են ներկայացնում հայկական զինված ուժերի համար: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Օգոստոսի 24-ին The Times of India պարբերականը մեջբերել էր Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research and Development Organisation) սպառազինության հետազոտման ու զարգացման լաբորատորիայի (Armament Research and Development Establishment) ղեկավար Քեյ Էմ Ռաջանի (K. M. Rajan) հետևյալ խոսքը․ «Հայաստանը շահագրգռված է Pinaka հրթիռային համակարգերով: Ուստի, անցած ամիս մենք Ռաջասթանի Փոխրան բնակավայրի մոտ իրենց պատվիրակության համար կազմակերպեցինք ընդարձակ կրակի փորձարկումներ։ Արդյունքները հիանալի էին։ Այսուհետև հարցը գտնվում է երկու կառավարությունների որոշման տիրույթում: Դեռ պետք է ծանուցում ստանանք գնման պաշտոնական համաձայնագրի մասին։ Հայաստանը շահագրգռված է հրթիռային համակարգի երկու տարբերակներով էլ»:

Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց․ «Մեր զինվորականների խումբը, որն այս պահին գտնվում է Հնդկաստանում, ուսումնասիրում է հնդկական զինատեսակներ, և դրանցից մի քանիսը մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Պետք է ասեմ, որ այն, ինչ մամուլում հայտնվեց համազարկային կրակի հրթիռային համնալիրների վերաբերյալ, դա միակ և ամենամեծ հետարքրքրութունը չէ մեզ համար: Հնդկական արդյունաբերությունը բավական հետաքրքիր լուծումներ ունի տարբեր զինատեսակների մասով, ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական, որոնք մեզ հետաքրքրում են: Բայց այս պահին կոնկրետ նախագծերի, պայմանագրերի մասին, չեմ կարող ասել»:

Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հեռահարությունը հասնում է 75 կիլոմետրի: Այն արդիականացնելու համար ներկայումս աշխատանքներ են տարվում Իսրայելի հետ: Արծրուն Հովհաննիսյանին հարցրեցինք՝ գործելով հնդկական ուղղությամբ, արդյո՞ք Հայաստանը ցանկանում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից:

«Ընդհանրապես անկախության շրջանում սա առաջինը չէ իհարկե: Ձեռքբերումներ եղել են, օրինակ՝ Չինաստանից,նախկին Վարշավյան դաշինքի պետություններից: Զենք զինամթերքի [ձեռքբերումը] և բանակի մարտունակության բարձրացումը կարևոր պետական նշանակություն ունի: Իհարկե՝ ձգտում ես հիմնականում մեկ արտադրողի հետ աշխատել՝ մատակարարման, սպասարկման, ուսուցման գործընթացը հեշտացնելու համար, բայց զինատեսակներ կան, որ պետք է ձեռք բերել այլ պետություններից, դիվերսիֆիկացնել, որովհետև նորարարությունները շատ են: Իսկ Հնդկաստանն, իմիջայլոց, այն պետություններից է, որը վերջին 15-20 տարում այս ոլորտում հսկայական առաջընթաց է ապահովել»,- «Ազատությանն» ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ամերիկյան Jamestown հիմնադրամի վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանի խոսքով, 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում ձեռնամուխ են եղել ողջ պաշտպանական համակարգի արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը, և Հնդկաստանի ուղղությամբ աշխատանքը դրա ցուցիչն է: «Այստեղ կարևոր է նշել, որ Հնդկաստանը Հայաստանի համար պոտենցիալ ռազմավարական գործընկեր է: Դա պայմանավորված է մի շարք աշխարհաքաղաքական իրավիճակներով, նաև այն հանգամանքով, որ արդեն իսկ Պակիստան-Ադրբեջան ռազմավարական սերտ համագործակցություն կա: Եվ թե՛ Հնդկաստանում, թե՛ Հայաստանում կա այն համոզմունքը, որ դա բալանսավորման կարիք ունի: Հատկապես այն է կարևոր, որ Հայաստանն ու Հնդկաստանը ռազմավարական հարաբերությունների մեծ պոտենցիալ են տեսնում»,- «Ազատությանն» ասաց Էդուարդ Աբրահամյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ ցանկացած պետության համար «շատ խոցելի է» սպառազինություն ձեռք բերելը միայն մեկ երկրից, ուստի Հայաստանի շահերից է բխում՝ դիվերսիֆիկացնել ռազմա-տեխնիկական համագործակցությունը, «հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, իրեն միանշանական չի պահում․ փորձում է շահագրգռել և՛ Ադրբերջանին, և՛ Հայաստանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG