Մատչելիության հղումներ

Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է


Շինարարություն Վանաձորի «Արցախ» պուրակում, արխիվ

Վանաձորի քաղաքապետը գրավոր պահանջ է ստացել մշակույթի փոխնախարարից՝ դադարեցնել «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի՝ գրեթե ավարտված շինարարությունը, պատճառաբանությամբ, որ նախագծային փաստաթղթերը, օրենքով սահմանված կարգով, չեն համաձայնեցվել նախարարության հետ:

Դեռ անցած տարեվերջին «Գ. և Մ.» ընկերությունը Վանաձորի քաղաքապետարանից թույլտվություն էր ստացել՝ ղարաբաղյան շարժման խորհրդանիշ և պատմական հուշարձան համարվող տարածքում մանկական զբաղվածության կենտրոնի երկհարկանի շենք կառուցելու համար։ Մասնագիտությամբ իրավաբան, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է՝ համայնքապետարանը չի կարող միջամտել ընկերության՝ 10 տարի առաջ սեփականացրած տարածքում շինարարություն իրականացնելու իրավունքին։

«Մշակույթի նախարարությունը, ով որ գրությունն ուղարկում է, պիտի հաշվի առնի՝ էս փուլում օրինական բոլոր գործընթացները համադրելիս քաղաքապետարանն ի՞նչ լիազորություն ունի մարդու շինարարությունը դադարեցնելու»,- ասում է Ասլանյանը։

2006 թվականին կառավարության որոշմամբ՝ պետական սեփականություն և պատմական հուշարձան հանդիսացող «Արցախ» պուրակը հանձնվել է համայնքին։ Մեկ տարի անց, 2007 թվականին, նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը միանձնյա որոշել է պուրակի երկու հատվածները վաճառել «Կինոթատրոն Մոսկվա» և «Գ. և Մ» ընկերություններին։ Ներկայիս քաղաքապետն էլ անցյալ տարի պատմական հուշարձանի սեփականատեր դարձած «Գ. և Մ.» ընկերությանը մանկական զբաղվածության կենտրոն կառուցելու թույլտվություն է տվել։

Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասում է՝ հուշարձան համարվող տարածքը չի կորցնում իր նշանակությունն անգամ օտարման դեպքում։ «Որևէ օտարման գործառույթ չի կարող ազդել իր կարգավիճակի վրա․ այսինքն՝ դա կտրվի համայնքին, դա կտրվի որևէ ՍՊԸ-ի կամ որևէ անձի, օգտագործման իրավունքով կտրվի, թե սեփականության իրավունքով»,- ասում է Աբրոյանը։

Ըստ նրա՝ պատմական հուշարձանի կարգավիճակը փոխելու մասին հարցը կարող է քննարկվել միայն նրա ոչնչացման դեպքում, իսկ շինարարության թույլտվություն համայնքապետարանը կարող է տալ բացառապես մշակույթի նախարարության համաձայնությամբ։ Աբրոյանն ընդգծում է՝ այդ գործառույթը նախարարությունում վերապահված է իր ղեկավարած գործակալությանը, մինչդեռ գործակալությունը երբևէ Վանաձորի «Արցախ» պուրակում շինարարություն իրականացնելու համաձայնություն չի տվել։

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը քաղաքապետարանի կողմից «Գ. և Մ.»-ին շինարարական թույլտվություն տալու հետ կապված մշակույթի նախարարության համաձայնությունը թեև ձեռք տակ չունի, բայց ցույց է տալիս մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի՝ շինթույլտվության տրամադրումից երեք տարի առաջ նաև ինքը՝ Արմեն Աբրոյանն է ստորագրել Վանաձորի գլխավոր հատակագծի տակ։

«Մշակույթի նախարարության համաձայնություն ես կարող եմ համարել նաև 2014-ին վարչապետի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի՝ գլխավոր հատակագծին տրված դրական եզրակացությունը»,- ասում է Սուրեն Աբովյանը, հավելելով՝ փաստաթղթին հավանություն է տվել նաև մշակույթի նախարարության ներկայացուցիչը։

Մշակույթի նախարարության հիշյալ ներկայացուցիչը՝ ՄՆ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, մինչդեռ, այս փաստարկին ևս հակադարձում է, նշելով․ «Քաղաքապետարանը համաձայնություն է կորզել կեղծիքով»։

«Գլխավոր հատակագծում ներկայացվել է այլ հատակագիծ, այլ սխեմա, դա կեղծիք է։ Մենք գենպլանին համաձայնություն տվել ենք մի ձևաչափով՝ որպես կանաչ գոտի: Էդ համաձայնության ստորագրությունները, էդ հանձնաժողովի եզրակացությունը վերցրել են, գենպլանը փոխել են․․․ ես դա նաև պաշտոնապես եմ ասում ձեզ, և կցել են էդ ստորագրությունը»,- ասում է Աբրոյանը: Նրա պնդմամբ՝ դեռ նախորդ կառավարության օրոք է ինքն այս հարցը բարձրացրել, Վանաձորի քաղաքապետարանի «կեղծիքն» ապացուցող փաստերն էլ անգամ նախկին վարչապետին է ցույց տվել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն 5 ամիս վարչական դատարանում վիճարկում է «Արցախ» պուրակն օտարելու և շինթույլտվություն տալու մասին Վանաձորի երկու քաղաքապետերի որոշումների օրինականությունը։ Իրավապաշտպան կազմակերպությունը դատի է տվել քաղաքապետարանին. համարում է, որ պետք է այդ որոշումներն անօրինական համարել և դադարեցնել շինարարությունը։ Մինչդեռ դատարանում երրորդ կողմ հանդիսացող՝ տարածքի համասեփականատեր Տիգրան Հարությունյանն ասում է, թե շարունակելու են շինարարությունը: Նա համոզված է, որ ընկերությունը որևէ խախտում թույլ չի տվել․ «Մենք բոլոր թուլտվություններն ունենք քաղաքապետարանից»։

Քանի դեռ վարչական դատարանը քննում է իրավապաշտպան կազմակերպության հայցը, իսկ մշակույթի նախարարությունն ու Վանաձորի քաղաքապետարանը գրություններ են փոխանակում, «Գ. և Մ.» ընկերությունն «Արցախ» պուրակում շարունակում է մանկական զբաղվածության կենտրոնի շինարարությունը։ Ընկերության համասեփականատեր Տիգրան Հարությունյանն ասում է․ «Մենք օտարված տարածքը ձեռք ենք բերել, մեծ գումարներ ենք ներդրել, էսօր մենք չենք, որ պետք է փաստի առաջ կանգնենք: Մենք էլ ենք պահանջատեր լինելու։ Մենք էլ մեր ձևով մեր մեր փոխհայցը, մեր փոխպահանջը կներկայացնենք»։

Նշենք, որ երկու ամիս առաջ «Արցախ» պուրակի հիշյալ շինհրապարակում վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել էր, մոտ մեկ տոննա բետոնե զանգվածը ցած էր ընկել, որի հետևանքով աշխատողներից մեկը մահացել էր։ Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG