Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով այսօր Բաքու է ժամանում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Մի քանի ժամից պաշտոնական այցով Բաքու կժամանի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Սա հունիսին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակված Բախտաձեի առաջին այցն է Ադրբեջան՝ նոր կարգավիճակում:

Վրաստանի պետական գրասենյակի պաշտոնական տեղեկություններով՝ Բախտաձեն երկօրյա այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ:

«Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկելու են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումն, աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, լայնածավալ էներգետիկ և տրանսպորտային նախագծերի զարգացման հեռանկարները», - նշում են վրացական աղբյուրները:

«Բաքվում կայանալիք հանդիպումների ընթացքում մենք կանդրադառնանք տարածաշրջանային համագործակցության մի շարք շատ կարևոր ուղղություններին, ինչպես նաև նախաձեռնություններին, որոնք հնարավորություն կտան էլ ավելի խորացնել մեր առևտրային հարաբերությունները», -երեկ Թբիլիսիում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վրաստանի վարչապետը՝ հավելելով. - «Ձեռնարկվող քայլերը դրական ազդեցություն կունենան Վրաստանի տնտեսական աճի ցուցանիշների, ինչպես նաև մեր գլխավոր նպատակի՝ երկիրը [տրանսպորտային և առևտրային] կարևոր հանգույցի վերածելու վրա», - նշում էր վրացական կառավարության ղեկավարը:

Վերջին անգամ Մամուկա Բախտաձեն Բաքու էր ժամանել անցած տարվա դեկտեմբերին` Գեորգի Կվիրիկաշվիլիի կառավարության կազմում ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց:

Այդ մի այցի ընթացքում Բախտաձեին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպման ընթացքում Ալիևը հատուկ ընդգծել էր այն կարևոր դերակատարությունը, որ ունեցել էր Բախտաձեն Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ընթացքում:

Հիշեցնենք՝ Վրաստանի ներկայիս վարչապետը մինչև 2017 թվականի դեկտեմբերը զբաղեցնում էր «Վրացական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի պաշտոնը:

Դեկտեմբերյան այցի ընթացքում Բախտաձեն հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Վրաստանը տեսանելի ապագայում կարող են կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները:

«Դա նախևառաջ հնարավոր կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և «Հարավային գազային միջանցքի» շինարարության շնորհիվ», - նշել էր Բախտաձեն՝ ընդգծելով, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տարեկան հնարավոր է 5 միլիոն տոննա բեռ փոխադրել, սակայն Վրաստանն ու Ադրբեջանը ցանկանում են առաջիկայում այդ թիվը հասցնել 10 միլիոն տոննայի:

«Տրանսպորտից և էներգետիկայից բացի Վրաստանն ու Ադրբեջանը մյուս ոլորտներում համագործակցությունը ևս պետք է զարգացնեն», - դեկտեմբեր ամսին լրագրողների հետ զրույցում նշում էր Մամուկա Բախտաձեն:

Վրացական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն վարչապետի այսօր մեկնարկող այցի ընթացքում Բաքվի և Թբիլիսիի միջև տրասնպորտային համագործակցությունը կրկին առանցքային օրակարգային թեմաներից մեկն է լինելու:

Դեռ մայիս ամսին` վարչապետի պաշտոնում նշանակումից մոտ մեկ ամիս առաջ, Բախտաձեն ազդարարել էր վրաց-ադրբեջանական մի նոր նախագծի մեկնարկի մասին: Խոսքը Ադրբեջանի և Վրաստանի սահմանիննորագույն միասնական անցակետ և մաքսային տերմինալ կառուցելու մասին է, որի ֆինանսանվորման մի մասը ստանձնելու է Ասիական Զարգացման բանկը:

Մայիսին Բախտաձեն նշում էր, որ այս անցակետը կարող է կարևոր նշանակություն ունենալ Չինաստանի կողմից իրականացվող «Նոր մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG