ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել օգոստոսի 29-ին Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների վերաբերյալ՝ կապված քրոջ՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական գործի հետ:
Դատախազությունը մեջբերել է Ֆարմանյանի խոսքերը, թե «քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումով անհիմն շինծու գործ է», որը, առնչվում է իրեն՝ որպես պատգամավորի, ինչպես նաև հիշեցրել է, որ օգոստոսի 16-ին գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել նաև Անահիտ Ֆարմանյանը: Դտախազության հաղորդագրությունում մանրամասնորեն ներկայացվել են հարուցված քրեական գործի մանրամասները, անցկացվող քննչական գործողությունները:
«Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ բացարձակապես մտացածին և անհիմն են ինչպես Ա. Ֆարմանյանի կողմից վարույթ իրականացնող մարմնի հետ համագործակցության պատրաստակամության, այնպես էլ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որևէ մեկի, այդ թվում նաև Սամվել Ֆարմանյանի անձով, հասարակական ու պաշտոնեական կարգավիճակով պայմանավորելու բոլոր ձգտումները», - պնդել է դատախազությունը և հույս հայտնել, որ «գոնե հետայսու գործի ելքով ակնհայտ շահագրգիռ անձինք ձեռնպահ կմնան իրենց պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով ընթացող նախաքննությունն անհիմն կերպով քաղաքականացնելու կամ նրա վրա որևէ կերպ ազդելու փորձերից»: