Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկեց նախագահական ընտրությունների քարոզարշավը


Քվեարկություն Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում, արխիվ
Քվեարկություն Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Վրաստանում այսօրվանից մեկնարկեց նախագահական ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի 60 օր՝ մինչև հոկտեմբերի 28-ին նշանակված քվեարկությունը: Թեև առաջադրման համար դեռ 10 օր ժամանակ կա, սակայն երեք տասնյակից ավելի թեկնածուներ արդեն իսկ հայտ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Նրանց թվում են արտգործնախարարությունը տարբեր ժամանակահատվածներում ղեկավարած Սալոմե Զուրաբիշվիլին ու Գրիգոլ Վաշաձեն, խորհրդարանի երեք նախկին խոսնակներ՝ Նինո Բուրջանաձեն, Դավիդ Ուսուպաշվիլին ու Դավիդ Բաքրաձեն, մի շարք կուսակցությունների առաջնորդներ ու պատգամավորներ, մեծ մասը՝ ընդդիմադիր դաշտից:

Իշխող «Վրացական երազանքը» որոշել է թեկնածու չառաջադրել: Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանշվիլին, այդպիսով ուզում են երաշխավորել նախագահական նստավայրի անկախությունն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումը:

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ այսօր բոլոր պաշտոնները՝ համայնքապետերից մինչև վարչապետ, «Վրացական երազանքի ձեռքում են», ողջ իշխանությունը պատկանում է «Վրացական երազանքին», ինչն այնքան էլ լավ չի ընդունվում Եվրոպայում: Երկրի արագ, ժողովրդավարական զարգացման համար առավել նպատակահարմար է, որ մենք աջակցենք անկախ թեկնածուներից մեկին: Իսկ եթե նրանց շարքում արժանի թեկնածու չգտնվի, թող այդ պաշտոնն ընդդիմությունը ստանձնի»,- ասել էր Իվանիշվիլին:

Հակադիր ճամբարում այս հավաստիացումներին, մեղմ ասած, չեն հավատում: Ընդդիմադիր 10 կուսակցությունների կոալիցիան, մասնավորապես, նախօրեին հրապարակել է մի սկանդալային ձայնագրություն, որում, ընդդիմադիրների պնդմամբ, լսվում է Կրցանիսիի տեղական ընտրական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Պետվիաշվիլիի ձայնը, ով համաձայնեցնում է հանձնաժողովի կազմը «Վրացական երազանքի» պաշտոնյաներից մեկի հետ: Ինքը՝ տեղական հանձնաժողովի նախագահը, այդ մեղադրանքները չի ընդունում և պնդում է, թե հեռախոսազրույցը կեղծ է:

Այդուհանդերձ՝ երեկ նա հրաժարականի դիմում է ներկայացրել՝ «ընտրությունների վրա ստվեր չգցելու» պատճառաբանությամբ: Ընդդիմադիր ճամբարում այդ հրաժարականը որպես հաղթանակ են ընդունել, միաժամանակ պնդելով՝ այդ մեկով չեն բավարարվելու:

«Իշխող «Վրացական երազանքը», ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիայի հետ, պատրաստվում է լայնածավալ կեղծիքների: Այդ իսկ պատճառով, ընտրությունների արդարությունը երաշխավորելու համար, ԿԸՀ ղեկավարն ու ողջ աշխատակազմը պետք է հրաժարական տան»,- երեկ հայտարարել է ընդդիմադիր դաշինքը:

Վրացական ԿԸՀ ղեկավարն ընդդիմության այս պահանջներին դեռ չի արձագանքել: Հանձնաժողովը, սակայն, օրեր առաջ հաղորդել էր, թե որոշ տեղական ընտրական հանձնաժողովներ «սադրիչ հեռախոսազանգեր են ստացել»: Ըստ այդ հաղորդագրության, մասնավորապես, անհայտ անձինք «Վրացական երազանքի» անունից զրույցներ են վարել տեղական ընտրական հանձնաժողովների հետ ու հետաքրքրվել՝ ինչպե՞ս են դրանք կազմավորվել, ովքե՞ր են ներգրավվել որպես անկախ մասնագետներ և ո՞վ է վերահսկել գործընթացը:

Վրաստանի ԿԸՀ-ն այդ զանգերը գնահատել էր որպես հանձնաժողովի աշխատանքը վարկաբեկելու և ընտրությունները ստվերելու փորձ: Իշխող կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն էլ պնդել էր՝ նման քայլերով ընդդիմադիրները պարզապես փորձում են իրենց անխուսափելի պարտությունն արդարացնել:

«Արդեն սովորական երևույթ է դարձել՝ մեր ընդդիմախոսներն ընտրություններից առաջ ապահովագրում են իրենց ու սկսում են քննադատություններ հնչեցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու ընտրական համակարգի հասցեին: Մեզ այդ քայլերով այլևս չես զարմացնի: Կարևորն այն է, թե ընտրություններից հետո ինչ կասեն մեր դաշնակիցները: Վստահ եմ, որ նրանց գնահատականները դրական կլինեն»,- հայտարարել է Կոբախիձեն:

Ի դեպ, հոկտեմբերի 28-ին Վրաստանը վերջին անգամ է երկրի նախագահին ընտրելու ուղիղ, համապետական քվեարկութամբ: Վրաստանի Սահմանադրության վերջին՝ մարտին ընդունված փոփոխություններով, այդ ժամկետի ավարտին, 2024 թվականին, քվեարկությունն արդեն կայանալու է 300 հոգանոց ընտրական կոլեգիայում, որի կազմում ընդգրկված են լինելու խորհդարանի 150 պատգամավորներ և տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցիչներ:

Ավելի վաղ՝ 2010 թվականին ընդունված սահմանադրական փոփոխություններով, Վրաստանն անցել է խորհրդարանական կառավարման, որի պայմաններում իշխանական հիմնական լիազորությունները վարչապետի ձեռքում են, իսկ նախագահը երաշխավորում է երկրի ամբողջականությունն ու անկախությունը՝ մնալով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG