Մատչելիության հղումներ

«Լույս»-ն ու «Ժառանգություն»-ը ԿԸՀ ներկայացրեցին անհրաժեշտ փաստաթղթերը


«Լույս» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ տրամադրվածությունը հաղթական է։

«Որովհետև իմ ձեռքում գտնվում է մի ցուցակ որտեղ ներառված են քաղաքացիներ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ստանձնել քաղաքային կառավարումը և դրա համար ունեն համապատասխան գիտելիքների և հմտությունների բազա։ Մեր ծրագիրը հաջորդիվ կներկայացնենք, դա ևս ինձ հաղթական տրամադրություն է հաղորդում, 111 հոգանոց ցուցակը գլխավորում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ քաղաքապետի մեր թեկնածուն, ցուցակի երկրորդ համարը ես եմ՝ «Ելք» խմբակցության ղեկավարը», - ասաց Խաժակյանը՝ շարունակելով. - «Պարոն Զեյնալյանն անցել է այնպիսի ճանապարհ, որը եզակի է Հայաստանում քաղաքական գործիչների համար և ունի այն բոլոր հմտությունները, թե գիտելիքները, որով հնարավոր կլինի քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրները լուծել»:

Դավիթ Խաժակյան
Դավիթ Խաժակյան

​Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրեց նաև «Ժառանգություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հարցին, թե ո՞ւմ են համարում հիմնական մրցակից, հայտը ԿԸՀ բերած կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. - «Բոլորն էլ մրցակից են, բայց մրցակիցների մեջ կան մի քանիսը, որոնց ուղղակի բարեկամական մրցակից ենք համարում, օրինակ՝ Հայկ Մարությանին, այն ուժերը, որոնք ընդդիմության շարքերում պայքարել են այսօրվա համար, մենք բոլոր այդ ուժերին համարում ենք բարեկամ մրցակիցներ»

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս են գնահատում իրենց շանսերը, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Մեր շանսերը կարող են գնահատել միայն մեր քաղաքացիները»։

Արմեն Մարտիրոսյան
Արմեն Մարտիրոսյան

Այսօր 18։00-ին լրանում է Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը։

Սեպտեմբերի 23-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է 10 քաղաքական ուժ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG