Մատչելիության հղումներ

«Վարչապետ կդառնար Սերժ Սարգսյանը, թե որևէ այլ հանրապետական, միևնույնն է, իշխանափոխություն լինելու էր»․ Վահրամ Բաղդասարյան


ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

Հանրապետական կուսակցության ղեկավար անդամները չեն կիսում պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, թե գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության պատճառը սահմանադրական փոփոխություններին էին և պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախագահի աթոռից վարչապետի աթոռին անցնելը:

Քոչարյանը ռուսական НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե վերլուծել է արդյոք՝ ինչու տեղի ունեցավ հեղափոխությունը, պատասխանել է․ - «Կարծում եմ նա [Սերժ Սարգսյանը] չպետք է սահմանադրական փոփոխություններ կատարեր: Եվ, իհարկե, նա չպետք է փորձեր իշխանությունը պահել իր ձեռքում՝ իր աթոռից նստելով վարչապետի աթոռին»:

«Սերժ Սարգսյանին որպես վարչապետ ընտրել էինք մեր պետական շահերից ելնելով», -հիշեցնում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանը։ - «Որևէ անձնական շահագրգռվածություն մենք չենք տեսել այդտեղ և ինձ թվում է, որ մեր որոշումը ճիշտ է եղել: Իսկ ինչ մնում է, որ մեր իշխանությունը պահելու համար․․․ եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նորից պետք է Հանրապետականը մեկ ուրիշ թեկնածու առաջադրեր և դա նորից պետք է լիներ մեր իշխանությունը: Ցանկացած թեկնածուի դեպքում, ինձ թվում է, որ այս գործընթացը պետք է լիներ»:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

Հանրապետականի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս չի կիսում 2-րդ նախագահի տեսակետը, թե սահմանադրական փոփոխությունները և Սերժ Սարգսյանի՝ պաշտոնավարումը երկարաձգելու փորձը հանգեցրեց հեղափոխության։

«Թիվ մեկ պատճառն այն էր, որ մենք ընդունեցինք կրավորական կեցվածք, իսկ քաղաքական փոքրամասնությունը, իր համախոհներով, ակտիվ փոքրամասնության կեցվածք ընդունեց և շանտաժով Հայաստանում իշխանություն փոխեց», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շարմազանովը: - «Ես կրկնում եմ, որ Փաշինյանը դառել է վարչապետ, իմ խորին համոզմամբ, շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ»:

ՀՀԿ-ն կոնսոլիդացվելու է սեփական օրակարգի շուրջ

Պաշտոնաթող նախագահ Քոչարյանը, ով այժմ մեղադրյալի կագավիճակում է մարտի 1-ի գործով, ռուսաստանյան հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել էր նաև իր՝ քաղաքականություն վերադառնալու հարցին՝ նշելով, կարող է լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները։

Շարմազանավի խոսքով, Հանրապետական կուսակցությունը մշտապես կոնսոլիդացվելու է սեփական օրակարգի շուրջ:

«Բոլոր այն գործիչները, որոնց օրակարգը կհամընկնի Հանրապետական կուսակցության օրակարգի հետ, մենք պատրաստ ենք միավորվել, համագործակցել՝ անկախ մեր նախկինում եղած տարաձայնությունների: Սա իմ անձնական գնահատականն է», - շեշտեց ՀՀԿ խոսնակը:

«Եթե լիներ վենդետա, որևէ ընթացակարգ չէր լինի»

НТВ-ին տված հարցազրույցում 2-րդ նախագահ Քոչարյանը, ով 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանի նախագահն էր, նորից պնդել է, որ ներկայիս իշխանությունն իր դեմ վենդետա է իրականացնում։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է՝ վենդետայի մասին խոսելով Ռոբերտ Քոչարյանը փորձում է մոլորեցնել շատերին․ - «Պարոն Քոչարյանի գործը քննվում է Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և նա ունի լավագույն փաստաբանները, նա ամբողջ օրը հարցազրույցներ է տալիս, նրա նկատմամբ կան արդեն երկու դատական ակտեր՝ մեկը մյուսին հակասող: Կարծում եմ՝ իր շահերից չի բխում, որ ինքը ասի, որ կա վենդետա, որովհետև եթե լիներ վենդետա, ուրեմն որևէ ընթացակարգ չէր լինի»:

Հարցազրույցում Քոչարյանը վենդետան հիմնավորելիս նշել էր, որ մարտի 1-ից՝ «10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել էին այդ զանգվածային անկարգությունները, ովքեր դատապարտվել էին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար»։

«Վերջին հաշվով, որ նայենք, թե մարտի 1-ի գործով դատապարտվածների հետ վերջում ինչ է եղել, բոլորը քաղաքական դրդապատճառներով ազատ են արձակվել: Իսկ ո՞րն է քաղաքական դրդապատճառները՝ համաներումներ են կիրառվել, տարբեր մեթոդներ են կիրառվել, որպեսզի այդ մարդիկ իրենց պատիժը չկրեն մինչև վերջ: Ինչո՞ւ, որովհետև եղել են միջազգային, և այստեղ՝ Հայաստանում, հանրային ճնշումներ», - մեկնաբանում է Էդմոն Մարուքյանը:

XS
SM
MD
LG