Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:

Ըստ հաղորդագրության, աշխատանքային խմբի հիմնական գործառույթների մեջ են մտնում արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների ուսումնասիրումը, դրանց ենթակայության հարցի լուծումը, ինչպես նաև այդ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազներին գործնական աջակցության ցուցաբերումը:

Դատախազությունը նշում է, որ Երևանի և Երևանի վարչական շրջանների դատախազներին հանձնարարվել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալ սեղմ ժամկետում:

Աշխատանքային խմբի առջև նաև խնդիր է դրվել ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, դրանցով նախաձեռնված քրեադատավարական գործընթացների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունն օպերատիվ կերպով տրամադրելու շրջանակներում սերտորեն գործակցել ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, պատշաճ և օպերատիվ լուսաբանմամբ ապահովել իրականացվող աշխատանքների հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Այսօրվանից Երևանի դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 511603 հեռախոսահամարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG