Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի բողոքը


Յուրի Խաչատուրով, արխիվ

Վերաքննիչ դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Ազատության» հետ զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց հետո նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ կալանավորելու Խաչատուրովին։ Բայց, ինչպես փոխանցեց փաստաբանը, դատարանը գտել էր, որ չկան հիմնավոր կասկածներ, որ Խաչատուրովն առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Միևնույն ժամանակ, սակայն, դատարանը հիմնավոր էր համարել նրան կալանքի տակ առնելու միջնորդությունը, բայց և որոշել 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել։

Փաստաբանի խոսքով՝ եթե դատարանը որոշում է, որ չկան մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկածներ, պետք է մերժի նրան կալանավորելու միջնորդությունը, ոչ թե կալանքը համարի թույլատրելի։ Պողոսյանն ասաց, որ իրենք վերաքննիչում բողոքարկում էին հենց այս հանգամանքը։

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալի փաստաբանն ասաց՝ դեռևս չի ստացել վերաքննիչի որոշումը և այն ստանալուց հետո կհստակեցնի՝ բողոքարկե՞լ վճռաբեկ ատյան, թե՞՝ ոչ։

2008 թվականի մարտի 1-ին Խաչատուրովը պաշտպանության փոխնախարարն էր և մայրաքաղաքի կայազորի պետը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ Խաչատուրովը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Նա ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց և մեկնել է Մոսկվա, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, շարունակում է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG