Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանը քննադատում է Ռոհանիի կառավարության տնտեսական քաղաքականությունը


Իրանցի խորհրդարանականները չեն թաքցնում իրենց դժգոհությունը Հասան Ռոհանիի կառավարության վարած տնտեսական քաղաքականության առթիվ: Իսլամական Հանրապետության նախագահն այսօր վաղ առավոտից մի քանի ժամ շարունակ պատասխանում էր Մեջլիսի պատգամավորների հարցերին, փորձելով բացատրել, թե ինչու են տնտեսական ցուցանիշները սկսել գահավիժել անգամ մինչև ամերիկյան նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելը:

Ռոհանին, սակայն, գերադասեց հանդես գալ ընդհանուր ձևակերպումներով, մի քանի անգամ պնդելով, որ Իրանի տնտեսության առջև ծառացած մարտահրավերների ճնշող մեծամասնության պատճառը ամերիկյան պատժամիջոցներն են, որոնք էլ լրջորեն ազդում են նաև իրանցիների տրամադրությունների վրա:

«Ինչո՞ւ են մարդիկ հուսախաբ եղել: Ինչո՞ւ անգամ մեր իշխող համակարգի ուժի պայմաններում մարդկանց մոտ Իրանի ապագայի հանդեպ կասծակածներ են առաջանում:Մենք պետք է փարատենք այդ կասկածները», - հայտարարում էր Ռոհանին:

Իրանցի խորհրդարանականները բավական սուր հարցերի շարք ուղղեցին երկրի նախագահին, պնդելով, որ տնտեսական ծանր կացության պատճառը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլ գործող կառավարության անարդյունավետ քաղաքականությունը: Պատգամավորների պնդմամբ նույնիսկ 2015-ի միջուկային համաձայնագրի կնքումից մինչև Թրամփի ընտրությունն ընկած համեմատաբար բարենպաստ ժամանակահատվածում Ռոհանիի կառավարությունը չկարողացավ նոր լիցք հաղորդել ազգային տնտեսությանը:

«Գործազրկության ծավալները չէին նվազում, մաքսանենգությունը շարունակում էր լուրջ խնդիր մնալ երկրի համար, իսկ իրանական բանկերը, անգամ պատժամիջոցների վերացման պայմաններում, այդպես էլ չկարողացան վերադառնալ միջազգային ֆինանսական շուկաներ»,-նշում էին պատգամավորները: Դրան էլ գումարած՝ Իրանի ազգային տարադրամի՝ ռիալի, փոխարժեքը շարունակում է կտրուկ անկում արձանագրել:

Եթե մայիսին սև շուկայում ամերիկյան մեկ դոլարը 65 հազար ռիալով էին գնում, ապա այժմ արդեն 120 հազարով: Այս քննադատությանն ի պատասխան Ռոհանին շարունակում էր պնդել՝ ազգային տնտեսության ծանր վիճակի հիմնական մեղավորները Միացյալ Նահանգներում են:

«Մենք թույլ չենք տա որ Սպիտակ տանը հավաքված մի խումբ հակաիրանական տրամադրություններով տոգորված մարդիկ դավեր նյութեն մեր երկրի դեմ: Այսօրվա նիստի արդյունքները տխրեցնելու են Սպիտակ տանը», - հայտարարեց Ռոհանին:

Իրանի նախագահի և պատգամավորների հարցուպատասխանին հաջորդած քվեարկությունը, սակայն, տխրեցրեց նախևառաջ Ռոհանիի թիմակիցներին: Մեջլիսի պատգամավորներն արձանագրեցին, որ ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ պարզաբանումներից բացի որևէ այլ հարցի Ռոհանին սպառիչ պատասխան չի տվել, ուստի երկրում տիրող ծանր տնտեսական կացության շուրջ քննարկումները պետք է տեղափոխվեն Իսլամական Հանրապետության բարձրագույն դատական մարմիններ:

Ներքին քննարկումներին զուգահեռ Իրանը ակտիվ քայլերի է դիմում նաև միջազգային ասպարեզում: Պաշտոնական Թեհրանը դեռ հուլիսին էր դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Վաշինգտոնի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցները, քանի որ դրանք հակասում են 1955 թվականին երկու երկրների միջև կնքված և մինչ օրս ֆորմալ առումով ուժ մեջ մնացող «Բարեկամության մասին համաձայնագրի» դրույթներին: Այս փուլում Իրանը պահանջում է սառեցնել պատժամիջոցների գործողությունը, մինչև ՄԱԿ-ի դատարանի վերջնական վճռի հրապարակումը:

«Խնդիրն ավելի քան պարզ է, Միացյալ Նահանգները հրապարակայնորեն այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որի նպատակն է առավելագույն վնաս հասցնել Իրանի տնտեսությանն ու Իրանի ազգային ընկերություններին: Այդ ամենը անխուսափելիորեն հարվածելու է Իրանի շարքային քաղաքացիներին», - ՄԱԿ-ի դատարանում երեկ մեկնարկած լսումների ժամանակ հայտարարում էր Իրանի նախագահի խորհրդական Մոհսեն Մոհեբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG