Մատչելիության հղումներ

Անկարան ցանկանում է խթանել տնտեսական կապերը Եվրոպայի և Ռուսաստանի հետ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողան, արխիվ

Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Թուրքիայի ղեկավարությունը փորձում է զարգացնել տնտեսական կապերը Եվրոպայի և Ռուսաստանի հետ:

Նախագահ Ռեջեփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարներին երեկ կոչ է արել քննարկել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը հզորացնելու հնարավորությունը:

Միաժամանակ Անկարան Վաշինգտոնին նախազգուշացրել է, որ թուրքական արտադրանքի նկատմամբ մաքսային սակագներն ավելացնելու ԱՄՆ-ի որոշումը կարող է ապակայունացնել Մերձավոր Արևելքի կացությունը:

Անցած շաբաթավերջին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ քննարկել է S-400 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու գործարքին վերաբերող հարցեր: Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է այդ գործարքին:

Թուրք պատվիրակները ռուսական կողմի հետ քննարկել են նաև Սիրիայում 7 տարի տևող պատերազմն ավարտելու հնարավորությունը:

Ընդգծելով օրակարգի հարցերի և Անկարայի հետ հարաբերությունների կարևորությունը՝ Չավուշօղլուին ընդունել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը:

Երեկ թուրքական մամուլը հաղորդել է, որ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները հաջորդ շաբաթ կհանդիպեն Իրանում և կքննարկեն Սիրիայի հարցը:

«Ձեր լավ ընկեր պարոն Էրդողանը նաև ակնկալում է Ստամբուլում Ձեզ հրավիրել իր ձկնեղենով հայտնի ռեստորան», - ասել է Չավուշօղլուն Պուտինին:

2016 թվականից ի վեր Պուտինը և Էրդողանը առնվազն 11 անգամ են հանդիպել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG