Մատչելիության հղումներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի մասով քրգործ է հարուցված, արյունաբանականի մասով հետաքննություն է ընթանում. Արսեն Թորոսյան


Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի խոշոր բժշկական հաստատություններում ստուգումներից հետո առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն ու Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։

Երեկ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ Արսեն Թորոսյանն ասաց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի մասով քրեական գործ է հարուցված, արյունաբանականի մասով հետաքննություն է ընթանում։

«Ազատություն». - Առողջապահության ոլորտում բում առաջացրեց խոշոր հիվանդանոցներում արված ստուգումները, տնօրեններին աշխատանքից ազատելը։ Երկու հարցում էլ Ձեզ քննադատողները հատկապես ասում էին, որ ուղղակի պետք էր ամեն ինչ անել խղճին մոտ՝ իրենց դիմելով, տեղյակ պահելով, նոր աշխատողի հետ ծանոթացնելով, ասելով, որ ազատում եք աշխատանքից, իսկ իրենք մամուլից են իմացել։

Արսեն Թորոսյանն. - Եթե մենք ինչ-որ բան չենք բացահայտում ներքին խոսակցություններից , դա չի նշանակում, որ նման բան չի եղել։ Ես առաջարկել եմ հանդիպում նոր տնօրենի հետ, ես առաջարկել եմ ամեն ինչ բարիդրացիական խզել։ Իրականում հետո վերաիմաստավորել եմ իմ առաջարկը, միգուցե պետք էլ չէր անել, բայց, ամեն դեպքում, առաջարկ եղել է երկու տնօրեններին էլ»։

«Ազատություն». - Ինչ տեղեկություններ ունեք երկու տնօրեններից էլ,ինչո՞վ են զբաղվում նրանք։

Արսեն Թորոսյան. - Անձնական տեղեկություններ չունեմ, գործերի մասով գիտեմ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի մասով քրեական գործ է հարուցված, արյունաբանականի մասով հետաքննություն է ընթանում։

«Ազատություն». - Շուրջ մեկ միլիոն եվրոյի չարաշահման մասի՞ն է խոսքը։

Արսեն Թորոսյան. - Նախնական. Քննչական կոմիտեի պահանջով ստուգման տարեթվեր հետ դեպի մեծացել են, այսինքն՝ մենք ստուգում էինք 2016-2018 թվերը, Քննչական կոմիտեն պահանջել է նաև 2013-2015 թվերը, եթե չեմ սխալվում, ու դա նաև ենթադրում, որ երկար է տևելու այդ պրոցեսը։

«Ազատություն». - Ժամանակավոր պաշտոնակատարներն ինչպես են աշխատում կոլեկտիվի հետ, որովհետև կարծես հենց կոլեկտիվն էր ընդվզում։

Արսեն Թորոսյան. - Շատ լավ, բացարձակ, ընդամենը չհասկացվածություն կար և կազմակերպված փոքրիկ ցույց։ Հիմա շատ լավ աշխատում են երկուսն էլ։

Հուլիսի 27-ին առողջապահության նախարարը հայտարարեց, որ Արա Մինասյանը ազատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Նախարարը պարզաբանեց, որ Մինասյանն ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով նախարարության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը»։ Ըստ նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում գերատեսչության ուսումնասիրությունների արդյունքներով՝ պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս:

Հունիսին նախարարի հրամանով Սմբատ Դաղբաշյանն ազատվեց առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի և րյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոններից։

XS
SM
MD
LG