Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը խլել են իմ ապագան». Մարտի 1-ի տուժող


2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ոտքի հրազենային վիրավորում ստացած Ռոբերտ Բաղդասարյանը հույս ունի, որ իշխանափոխությունից հետո գործի ամբողջական բացահայտումը իրականություն կդառնա:

«Շատ ուրախ եմ ու շատ ոգևորված եմ, որ վերջապես գալիս է պահը, որ մեղավորները պիտի պատասխան տան։ Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հավասարաչափ մեղավոր են», - Նիդեռլանդներից տեսակապով «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Բաղդասարյանը:

Իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած հետընտրական բախումների հետևանքով տասը մարդ էր զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել: 46-ամյա Ռոբերտ Բաղդասարյանը «Ազատությանը» պատմում է՝ հրազենային վիրավորում ստացել է Լեո - Պարոնյան փողոցների խաչմերուկում։ Հիշում է՝ ոստիկանները զինված էին ու աջուձախ կրակոցներ էին արձակում․ - «Զենքը թաքցնելու պահ չկար, զենքը բացարձակ օգտագործում էին, սկսել էին կրակել։ Վիրավորվելուց հետո ես մտածեցի, որ եթե կանգնած մնամ, կարող ա նորից խփեն ու ընկած, ինձ քաշելով մի 7-8 մետր գնացել եմ մինչև օգնեին ինձ»:

Ասում է՝ դեռևս 2008-ի հարցաքննությունների ընթացքում քննիչների կողմից ուղղորդվել է, թեև 2009-ի մարտին դատարանում ճշմարտությունն է ասել։

«Ուղղորդում էին ինձ, որպեսզի ես ասեի՝ ժողովրդի կողմից եմ կրակվել: Եթե ես ասեի, որ ոստիկաններն են կրակել, իրանք պիտի հավքեին ինձ էդտեղից, ոտքս գիպսի մեջ, ու տանեին փակեին, կալանավորեին», - պատմում է նա: - «Չէի սպասում, որ ժողովրդի վրա կկրակեն, չէի պատկերացնում, որ էդ կարգի կարան գնդակահարեն օրը ցերեկով՝ հանուն աթոռի։ Բայց առավոտվա դեպքերից հետո՝ արդեն պատկերացնում էինք, որ սպանություն կլինի։ Պրեզիդենտ ես ու տեղյակ չես, որ քո երկրում 10 հոգի մարդ են կրակում, ավելի վատ քո համար, ուրեմն դու պրեզիդենտ լինելու իրավունք չունես։ Իսկ երկրորդ դեպքը՝ դու ո՞նց կարաս տեղյակ չլինես։ Դրա գլխավոր պատասխանատուն օրվա իշխանություններն են»:

Մարտի մեկի դեպքերից հետո մասնագիտությամբ տնտեսագետ Բաղդասարյանին ազատել են աշխատանքից։ Պնդում է՝ նախկին իշխանություններն իր ապագան են իրենից խլել․ - «Մարտի 1-ի ողբերգությունից հետո, մարտի 1-ի սպանդից հետո ես լքել եմ իմ երկիրը, որի պատճառը եղել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ այդ մարդիկ գողացել են իմ ապագան, էդ մարդիկ խեղաթյուրել են իմ ճակատագիրը։ Ես ինձ լավ զգալու համար չեմ եկել Հոլանդիա, ես փախել եմ էդտեղից, որպեսզի պրոբլեմներ չունենամ»:

Ռոբերտ Բաղդասարյանն ասում է՝ 10 տարի անց էլ ամբողջությամբ չի ապաքինվել. դժվարությամբ է տեղաշարժվում։ Ողջունելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի շրջանառության մեջ դրած «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը, ասաց. - «Ֆինանսապես էլ ենք տուժել, հոգեպես էլ։ Էսօր բոլորս էդ աջակցության կարիքը ունենք, որ մենք դուրսն ենք՝ չի նշանակում, որ ապահովված ենք, բավարարված։ Ես էլ կուզեմ գամ Հայաստան, էստեղ ինչ ունեմ անելու: Բայց գամ՝ որտե՞ղ ապրեմ, ինչ անեմ: Ես անընդհատ լարված եմ, հոգեպես ճնշված եմ: Ես ինչի՞ պիտի ստեղ լինեի, կուզեի իմ գործին լինեի, իմ երկրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG