Մատչելիության հղումներ

Bild. «Գերմանիայի հավաքականում կար ազգամիջյան խնդիր»


Հուսահատված գերմանացի երկրպագուները հրապարակում դիտում են Հարավային Կորեա-Գերմանիա խաղը, Համբուրգ, 27-ը հունիսի, 2018թ.
Հուսահատված գերմանացի երկրպագուները հրապարակում դիտում են Հարավային Կորեա-Գերմանիա խաղը, Համբուրգ, 27-ը հունիսի, 2018թ.

Ռուսաստանում հուլիսի 15-ին ֆրանսիացիների հաղթանակով ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության երկու գլխավոր սենսացիաներից մեկը Խորվաթիայի հրաշալի թիմի եզրափակիչ հասնելն էր, մյուսը՝ Գերմանիայի հավաքականի խայտառակ ձախողումը:

Չորս անգամ մոլորակի չեմպիոնի տիտղոսը վաստակած Գերմանիայի ընտրանին առաջին անգամ անցած 8 տասնամյակում չի հաղթահարել խմբային փուլը և դուրս է մնացել մրցաշարից:

Մարզիչ Յոահիմ Լյովը, որի ղեկավարությամբ հավաքականը հաղթել է 2014 թվականի առաջնությունում, ասել է, թե շատ դժվար է մերվել այդ օրինակ ծանր պարտության հետ:

«Հիասթափություն և ցավ, թիմը չկարողացավ ցույց տալ իրեն հատուկ հզորությունը, ես, որպես մարզիչ, պատասխանատու եմ այդ արդյունքի համար» ,- ասել է Լյովը, ով ֆեդերացիայի որոշմամբ կշարունակի աշխատել:

Ի՞նչն է խանգարել հավաքականին, կամ, ինչպես երկրպագուներն են անվանում, Die Mannschaft-ին:

Գերմանացիներն առայսօր փորձում են ըմբռնել ազգային պարծանք հանդիսացող այդ անգութ, անվրեպ, սարսափազդու և հզոր մեքենայի ավանդական համբավ ունեցող հավաքականի ձախողման պատճառները:

Դրանք, հավանաբար, մի քանիսն են, մրցակիցները լավ ուսումնասիրել են թիմի փիլիսոփայությունը և «հակաթույն» են գտել, մրցակիցների վարպետությունն աճել է, գուցե կա սերնդափոխության խնդիր և մի շարք այլ հանգամանքներ:

Բայց ահա Bild պարբերականը հանրությանը ներկայացրել է թիմի ներսում առկա պառակտումների վարկածը՝ ընդ որում ազգամիջյան փոխհարաբերությունների ենթատեքստում:

Դա մի խնդիր է, որը մեկնաբանները քաղաքական պարկեշտության կանոնով շատ նրբանկատ և զգույշ եղանակով են քննարկում, ավելի հաճախ գերադասելով եթե ոչ շրջանցել, ապա առնվազն չկենտրոնանալ դրա վրա:

Bild-ը գրում է, թե պառակտված թիմում մի խմբավորման մեջ էին ծագումով «ոչ գերմանացի» Ժերոմ Բոատենգը, Մեսութ Օզիլը և Իլքեյ Գյունդոգանը, ովքեր, ըստ հանդեսի, «թանկարժեք զարդեղենի, ռեփ-երգերի, շքեղ կյանքի և սպորտային աներևակայելի թանկ մեքենաների մեծ սիրահարներ են»:

Ընդգծենք, այդ շքեղությունը միանգամայն վաստակած է քրտնաջան աշխատանքով և մարզական նվաճումներով, բայց այսօրինակ մտածելակերպը հատուկ չէ այլ ավանդույթներ և արժեքներ սերած այնպիսի ֆուտբոլիստներին, ինչպիսիք էին Թոմաս Մյուլերը, Մաթս Հումելսը և ուրիշներն, ովքեր ավելի համեստ կեցվածք դրսևորելու կողմնակիցներ են:

Եվս մեկ ընդգծում՝ այդ երկրորդ խմբավորման ֆուտբոլիստներն էլ՝ առանց բացառության բոլորը, հարուստ և հաջողակ մարդիկ են:

Ըստ Bild-ի, երկու խմբավորումները Ռուսաստանում մեկ մեկու ծաղրել են: Բանը խոշոր վեճի կամ ընդհարման, իհարկե, չի հասել, բայց ինչ-որ ներքին լարվածություն եղել է, ինչը՝ գումարվելով մնացյալ հանգամանքներին, հանգեցրել է պարտության:

Հավաքականի մենեջեր, Եվրոպայի 1996 թվականիչեմպիոն և աշխարհի 2002 թվականի առաջնության արծաթե մեդալակիր Օլիվեր Բիրհոֆն, ըստ հանդեսի, խոստովանել է, որ հավաքականում կա ազգամիջյան խնդիր:

«Մենք շատ ինտենսիվ աշխատելու ենք՝ կացությունը հասկանալու համար, մենք ամեն ինչ կանենք, որ նորից դառնանք իսկական միասնական թիմ», - ասել է Բիրհոֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG