Մատչելիության հղումներ

Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչները փակել էին դեպի Վրաստան տանող ճանապարհը ի նշան բողոքի


Շիրակի մարզում խոշորացված Ախուրյան համայնքին միացված 7 գյուղերից 5-ի բնակիչներն այսօր մեկ ժամից ավելի փակ պահեցին Գյումրի - Վանաձոր միջպետական ճանապարհը` պահանջելով չեղարկել խոշորացման որոշումն ու համայնքներին վերադարձնել իրենց նախկին կարգավիճակը: Համայնքներում նաև ստորագրահավաք է սկսվել:

Ճանապարհը բացվեց, երբ բողոքի ակցիայի մասնակիցների պահանջով եկավ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

«Շատ համայնքներում գոհ են խոշորացումից», - պնդեց մարզպետը, միևնույն ժամանակ առաջարկելով, որպեսզի ցուցարարների 5 հոգանոց խումբը ավելի մանրամասն խնդիրը ներկայացնի այսօր մարզպետարանում կայանալիք հանդիպմանը: Խոստացավ նաև, որ 2 օրից կշրջի գյուղերում ու անձամբ կլսի բնակիչներին:

Այս տարի աշնանը Շիրակի մարզում համայնքների խոշորացման 3-րդ փուլը պետք է իրականացվեր, սակայն նոր կառավարությունը կասեցրել է գործընթացը, որպեսզի տեղում լսեն բնակիչների կարծիքները:

Համայնքների խոշորացման նախորդ երկու փուլերը ևս ուղեկցվել էին բողոքի ակցիաներով, ճանապարհներ փակելով, սակայն նախկին իշխանությունները պնդում էին, որ համայնքներն այդպես ավելի արդյունավետ կկառավարվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG