Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ավելի սուվերեն արտաքին քաղաքականություն է վարում. քաղաքագետ


Թավշյա հեղափոխությունը դրական ազդեցություն է թողել Հայաստանի միջազգային հեղինակության վրա՝ այս կարծիքը կիսում են շատերը և այն ակներևաբար կասկած չի հարուցում:

Փորձագետները շարունակում են՝ թավշյա հեղափոխությունն ամրապնդել է նաև Հայաստանի ինքնիշխանությունը, որովհետև Հայաստանը ղեկավարում են մարդիկ, ովքեր ունեն քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, և նման մարդկանց նկատմամբ դժվար կլինի ճնշում բանեցնել:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նշեց՝ Նիկոլ Փաշինյանի և թավշյա հեղափոխության բերած ամենամեծ արժեքներից մեկը լեգիտիմությունն է, որը պրոյեկցվում է արտաքին քաղաքականության մեջ և այդպիսի լիդերի հետ անշուշտ որևէ մեկը չի կարող այլ ձևով հարաբերվել։

«Ես չեմ ուզում անարդար լինել իմ խղճի հետ՝ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության թեզերն առանձնապես չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանի թեզերից։ Ի՞նչն էր շատ խոշոր առումով պակասում Սերժ Սարգսյանին՝ իր ժողովրդի սերը, աջակցությունը, վստահությունը, որն էֆեկտիվ կդարձներ արտաքին քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանի և թավշյա հեղափոխության բերած ամենամեծ արժեքներից մեկը դա այն է, որ լեգիտիմությունը, որը ներքևից է ճնշում բերում՝ և՛ արժեքներ, և՛ ինքնիշխանություն է ներքևից բերում, վաղ թե ուշ պրոյեկցվում է արտաքին քաղաքականության մեջ, և այդպիսի լիդերի հետ անշուշտ որևէ մեկը չի կարող այլ ձևով հարաբերվել։ Հիմա որքան էլ դուր գա, դուր չգա, Նիկոլ Փաշինյանը թերևս ճիշտ է ասում՝ բոլորը պետք է համակերպվեն այդ իրողություններին։ Սա մեծամտություն չի, սա ուղղակի փաստ է, որովհետև Հայաստանի ինքնիշխանությունը ներքևից այլևս ճնշում է, ճնշում է ժողովրդի միջոցով», - ասաց Սաֆարյանը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ հավելեց՝ Նիկոլ Փաշինյանն ավելի սուվերեն արտաքին քաղաքականություն է վարում։

«Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը՝ «մենք կաշխատենք Ռուսաստանի հետ, բայց մենք ունենք խնդիրներ և՛ ԵՏՄ-ում, և՛ ՀԱՊԿ-ում, էդ խնդիրները մենք կդնենք։ Դա շատ կարևոր է, որովհետև ինքն ասում է՝ «մենք ձեզ հետ կաշխատենք, բայց պետք է նայենք կարձագանքեք այդ մտահոգություններին, որ մենք ունենք», սուվերենությունը հենց դա է։ Իրենք կսովորեն, որ նոր սերունդ եկավ, որ էս մարդիկ ամեն ինչի տակ չեն ստորագրի, որ էս մարդիկ կուսումնասիրեն, էս մարդիկ ուզում են ուժեղացնել սուվերենությունը, ի վերջո նախկինում շատ էին խոսում բազմավեկտոր քաղաքականության, բայց ի վերջո կյանքում ինչ Ռուսաստանը տալիս էր, ստորագրում էին։ Հիմա այդպես չի լինի ու դա շատ դրական է ու դա զարմանալի էլ կթվա նույն Ռուսաստանի համար»,- ասաց քաղաքագետը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG