Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է նաև Գերմանիայի շահերից. Անգելա Մերկել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բաքվում, 26-ը օգոստոսի, 2018թ.

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է նաև Գերմանիայի շահերից: Այդ մասին շաբաթ օրը Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետբանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք մանրամասնորեն քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ես մեկ անգամ ևս ընդգծեցի, որ հակամարտության կարգավորումը նաև Գերմանիայի շահերից է բխում և մենք աշխատելու ենք Մինսկի խմբի շրջանակներում: Չի բացառվում, որ Հայաստանում նոր կառավարության առկայությունը բանակցությունների վերսկսման հնարավորությունստեղծի», - նշում էր Մերկելը:

Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում Մերկելն Իլհամ Ալիևի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին` նշելով, սակայն, որ այս հարցում Բաքվի և Բեռլինի միջև որոշակի տարաձայնություններ կան:

«Մենք խոսել ենք Ադրբեջանում տիրող ներքին կացության մասին, բավական անկեղծ մթնոլորտում անդրադարձել ենք մարդու իրավունքների խնդրին: Մենք ընդհանուր հայտարարի այս առումով չենք հանգել սակայն ես նշել եմ, որ ուժեղ քաղաքացիական հասարակությունը պետք է բաց, աշխարհիկ հասարակության բաղկացուցիչ մաս հանդիսանա: Մեր ցանկությունն ուժեղ քաղաքացիական հասարակության առկայությունն է Ադրբեջանում», - նշում էր Մերկելը:

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, շաբաթ երեկոյան, գերմանական կառավարության ղեկավարը հանդիպել է նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության առաջատար ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցներից կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Շախլա Իսմաիլը «Թուրան» գործակալությունը փոխանցել է, որ Մերկելը բավական քաջատեղյակ էր Ադրբեջանում մարդու իրավունքների ասպարեզում տիրող կացությանը:

Հանդիպման մասնակիցներից ևս մեկը` լրագրող Խադիջա Իսմաիլովան, Ֆեյսբուքի իր էջում որոշ մանրամասներ է հաղորդել է Անգելա Մերկելի հետ զրույցից:

«Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ ես խոսեցի կոռուպցիայի մասին և թե ինչպես է այդ երևույթը վտանգում խաղաղությունն ու ժողովրդավարությունն Ադրբեջանում», - գրում է Իսլմաիլովան՝ մանրամասնելով. - «Մերկելին օդանավակայանում դիմավորել էր փոխվարչապետ Էյուբովը: Դա այն պաշտոնյան է, որ բանակցում է ռուսական զենքի մատակարարումների շուրջ: Դա այն պաշտոնյան է, որի որդին զենքի վաճառքի շուրջ ռուս-ադրբեջանական պայմանագրի կնքումից հետո միլիոնավոր դոլարներ է ստացել «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունից», - նշում է Խադիջա Իսմաիլովան եզրակացնելով. - «Ինչո՞ւ պետք է [Ադրբեջանի] կառավարությունը խաղաղություն ուզի, եթե անվերահսկելի պատերազմական ծախսեր անելու և գողանալու հնարավորություն ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG