Մատչելիության հղումներ

Բացահայտվել է բանկոմատից ավելի քան 15 մլն դրամի հափշտակությունը, ձերբակալվել է ՌԴ քաղաքացի․ ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղակայված, «Կոնվերս բանկ»-ին պատկանող վճարային տերմինալից կատարված հափշտակությունը: Մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քաղաքացու:

Ըստ կոմիտեի, նախնական քննությամբ պարզվել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող՝ «Կոնվերս բանկ»-ին պատկանող, վճարային տերմինալից օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:14 ընկած ժամանակահատվածում, կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15 միլիոն 130 հազար դրամ գումար:

Դեպքի առթիվ կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2018թ. օգոստոսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերով), կազմվել է քննչական պլան:

Կոմիտեն նշում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են հափշտակությունն առերևույթ իրականացրած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

Նրանցից մեկը հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:

2018թ. օգոստոսի 20-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Գողոնը հայտնաբերվել է:

«Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` մյուս անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև Երևանում և Կոտայքում տեղադրված «Կոնվերս բանկ»-ի՝ թվով 8 բանկոմատներից ևս:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ճանաչվել է տուժող:

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG