Մատչելիության հղումներ

Հայաստան-Գերմանիա համագործակցության կարևորագույն բաղադրիչը տնտեսականն է․ Փոխվարչապետ


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զրուցում է լրագրողների հետ, Հրազդան, 25-ը օգոստոսի, 2018 թ․
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զրուցում է լրագրողների հետ, Հրազդան, 25-ը օգոստոսի, 2018 թ․

Գերմանիայի կանցլերի՝ երբևէ Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ նշանակալի երևույթ է, և այդ այցից հետո Հայաստան-Գերմանիա տնտեսական համագործակցությունն ավելի կսերտանա։

«Ես կարծում եմ, որ մեզ համար ամենակարևորը Գերմանիա-Հայաստան համագործակցության տնտեսական ուղղությունն է: Կարծում եմ՝ գերմանական բիզնես-միջավայրի և բիզնես- մշակույթի հետ կապված շատ բաներ կան, որոնց կարիքը ՀՀ-ում զգացվում է։ Այդ առումով մենք կարող ենք ունենալ շատ խորը համագործակցություն»,- այսօր Հրազդանում լրագրողների հետ զրուցում ասաց Ավինյանը։

«Ազատության» հարցին՝ ինչպես կմեկնաբանեք Անգելա Մերկելի մասնակցությամբ երեկ կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «այս այցից հետո համատեղ օրակարգ կունենանք տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ ու կաշխատենք այդ օրակարգն իրականացնելու ուղղությամբ», Ավինյանը պատասխանեց.

«Կան մի քանի հիմնական ոլորտներ, որոնցում մենք հնարավորություններ ունենք՝ զարգացնելու մեր հարաբերությունները Գերմանիայի հետ: Այդ ոլորտներից հիմնականն, իհարկե, տնտեսականն է: Ես կարծում եմ, որ կան նաև հնարավորություններ՝ սոցիալական ծրագրերի իրականացման համար: Ինչպես տեղյակ եք՝ տիկին Մերկելը բավական տպավորված էր «Թումո» կենտրոնով, և հուսով եմ, որ շուտով Բեռլինում ևս մենք կկարողանանք բացել «Թումո» կենտրոն»։

Փոխվարչապետն անդրադարձավ նաև Մերկելի երեկվա այն հայտարարությունը, թե Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի վիզաների ազատականացման հարցում առաջընթաց ունենալու համար:

«Մեր կողմից մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս գործընթացը մեզ համար շատ կարևոր է՝ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Այն միշտ գտնվում է մեր օրակարգում, և այդ օրակարգով մենք խոսում ենք մեր ԵՄ բոլոր գործընկերների հետ: Հուսով եմ՝ դա տալու է իր արդյունքները, և տիկին Մերկելի հայտարարությունը ևս վկայում է այդ մասին»,- ասաց Ավինյանը։

Երեկ Անգելա Մերկելի պատվին մատուցված պաշտոնական ընթրիքին ներկա էին նաև քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց՝ հստակ դարձավ Գերմանիայի պատրաստակամությունը՝ նոր Հայաստանի հետ շարունակելու նոր որակի հարաբերություններ։

«Պաշտոնական ընթրիքի ժամանակ (որին ես ներկա էի) Մերկելի հնչեցրած ելույթը հստակ մեսիջներ ու կոդեր էր պարունակում: Դա, իմ կարծիքով, շատ նոր հեռանկարներ է բացում Հայաստան-Գերմանիա օրակարգի համար, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների առումով։ Մերկելի այցը շատ կարևոր ու առանցքային էր։ Սա շատ կարևոր էր մի երկրի ղեկավարի կողմից, որը, գիտենք՝ երբեք շռայլ չի եղել իր խոստումներում, որը միշտ շատ զուսպ, շատ ժլատ է եղել իր խոսքում՝ հատկապես այն երկրների հետ կապված, որտեղ մշտապես եղել են մարդու իրավունքների խնդիրներ»,- ասաց Զոհրաբյանը։

Նախօրեի պաշտոնական ընթրիքին մասնակցած՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG