Մատչելիության հղումներ

Շատինցիները պահանջում են խոշորացված համայնքի «թալանչի» ղեկավարի հրաժարականը


Շատին, օգոստոս, 2018 թ․

Մի քանի տասնյակ շատինցիներ գյուղամիջում մեծ պաստառ են կախել, որի վրա գրված է․ «Գյուղի հիմնական բաժնետերերը»։ Մի փոքր այն կողմ էլ «Արթուր հեռացիր» պաստառն է՝ ծաղիկներով զարդարված։ Շատինցիները պնդում են՝ Վայոց ձորի մարզի այս խոշորացված համայնքի ղեկավարը՝ Արթուր Ստեփանյանը, հովանավորների ու կաշառքի միջոցով է պաշտոն ստացել ու հիմա պարտավոր է հրաժարական տալ։

«Ոչխար տվին, փող տվին, տելեվիզոր տվին գյուղացիներին: Մեծ գումարներ դրին», «Դրանք թալանել են, հիմա էլ թալանում են», «Գողի ձեռը բռնել ենք, թող գան զբաղվեն»,- «Ազատության» հետ զրույցում ասում էին գյուղացիները:

Նրանց խոսքով՝ պաշտոնավարման ութ ամիսների ընթացքում Արթուր Ստեփանյանը 12 համայնքներից և ոչ մեկի խնդիրները չի լուծել, կիսատ է թողել Շատինում մանկապարտեզ կառուցելու ծրագիրը։ Նախկինում Հանրապետական կուսակցության անդամ, այժմ անկուսակցական գյուղապետը մեղադրանքները չի ընդունում, ասում է՝ հրաժարական տալ չի պատրաստվում։

«Նախ՝ էս ընտրված ժամանակահատվածում երևի աշխատած լինեմ մի երկու ամիս, որովհետև մնացած ժամանակը մենք անցկացրել ենք ոստիկանության հայաթում: Անընդհատ կռիվ, ղալմաղալներ, լարվածություն: Մենք էսօր Շատինում իրականացնում ենք փողոցային լուսավորություն, գերեզմանոցում հոսանքի անցկացում, առուների հետ կապված մարդիկ խնդրանք են ներկայացրել՝ ցեմենտի, ավազի, և այլնի տեսքով, բավարարել ենք բոլորի պահանջները, մշակութային միջոցառումներ ենք արել»,- «Ազատությանն» ասաց համայնքապետը:

Բողոքող շատինցիները, մինչդեռ, վստահ են՝ խոշորացված համայնքի ղեկավարը անօրինականություններ է թույլ տալիս։ Հաստիքացուցակներում էլ անճշտություններ են նկատել։ «Վարդահովիտ համայնքում Արմեն Հակոբյան՝ ջրակարգավորող: Էդ մարդուն չեն ճանաչում: Ավագանու նիստում էլ ինձ ասում են՝ թյուրիմացություն ա եղել: Տենց աբսուրդ բաներ կան ստեղ, օրինակ՝ Քարագլուխ համայնքում մեկ գործավար պիտի լինի, բայց մի հատ Շատինում ա, մի հատ էլ Քարագլխում․․․»,- ասում էր գյուղացիներից մեկը:

12 գյուղերի միավորումից հետո հենց Շատինն է ընտրվել Եղեգիս խոշորացված համայնքի կենտրոն, սակայն գյուղացիներն արդեն երկու ամիս է՝ շրջափակել են գյուղապետարանի շենքն ու թույլ չեն տալիս, որ գյուղապետն ու աշխատակիցները ներս մտնեն։ Ասում են՝ այս ողջ ընթացքում գյուղապետ Արթուր Ստեփանյանը չի էլ փորձել իրենց հետ բանակցել։ Իշխանության ներկայացուցիչներից Տարածքային կառավարման նախարարն է մեկ անգամ գյուղ այցելել․ «Լուծում տվեց, որ էս համայնքին առանձին ղեկավար նշանակեն, բայց ստեղից հասավ Երևան, փոխվեց, վերջ»:

Գյուղապետն ու վարչակազմի աշխատողները խնդրի ժամանակավոր, բայց, ըստ գյուղացիների՝ անօրինական լուծում են գտել։ Տեղափոխվել են Թառաթումբ համայնքի գյուղապետարանի նախկին շենք ու այնտեղ են աշխատում։ «Էդ դեպքում՝ մենք էլ մեզ կհռչակենք անկախ համայնք, կընտրենք մեր համայնքապետին, կշարունակենք մեզ համար աշխատել»,- հակադարձում են գյուղացիները:

Շատինցիներն ասում են՝ թավշյա հեղափոխությունն իրենց գյուղ չի հասել․ շարունակում են ապրել հին կարգերով ու բարքերով։ Գյուղացիները վարչապետին հորդորում են՝ Վայոց ձորի մարզի գյուղերն անտարբերության չմատնել․ «Էս մարզը հանձնել են ԲՀԿ-ին, իրենք հանրապետականներից համարյա թե ոչ մի բանով չեն տարբերվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG