Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելը և Իլհամ Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կացությունը


Բաքու, 25-ը Օգոստոսի, 2018 թ․, լուսանկարը՝ «ԱզերԹԱջ»-ի
Բաքու, 25-ը Օգոստոսի, 2018 թ․, լուսանկարը՝ «ԱզերԹԱջ»-ի

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր առավոտյան Բաքվում կայացած բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը եղել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կացությունը:

«Գերմանիան կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու նպատակով»,- գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում հայտարարել է Անգելա Մերկելը:

Գերմանական գործակալության տեղեկություններով՝ Իլհամ Ալիևի և Անգելա Մերկելի բանակցությունների ընթացքում արծարծված մյուս կարևորագույն թեման եղել է Բաքվի և Բեռլինի տնտեսական կապերի ամրապնդումը: «Մեր ցանկությունն է՝ ամրապնդել տնտեսական կապերը Ադրբեջանի հետ, նախևառաջ էներգետիկ ոլորտում»,- նշել է Մերկելը:

Այսօր կայացած բանակցությունների ժամանակ կողմերը չեն շրջանցել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ ստեղծված կացությունը: DPA գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել այս թեմային նվիրված քննարկումները:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանից Բաքու է մեկնել այսօր առավոտյան: Բաքվում կայացել են Մերկել-Ալիև դեմ առ դեմ բանակցությունները, որոնց հաջորդել են ընդլայնված կազմով քննարկումները: Գերմանական կառավարության ղեկավարը Բեռլին կվերադառնա շաբաթ երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG