Մատչելիության հղումներ

Պորոշենկոն վերահաստատում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Կիևի ձգտումները  


Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում երկրի անկախության օրվան նվիրված շքերթում, Կիև, 24-ը օգոստոսի, 2018 թ․
Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում երկրի անկախության օրվան նվիրված շքերթում, Կիև, 24-ը օգոստոսի, 2018 թ․

«Ուկրաինան Սահմանադրությամբ կամրագրի Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավակնությունները»: Այսօր՝ երկրի անկախության 27-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթի ժամանակ այս մասին հայտարարել է նախագահ Պետրո Պորոշենկոն, ընդգծելով՝ Կիևը խզել է բոլոր կապերը Ռուսական կայսրության և Խորհրդային միության հետ և երբեք չի վերադառնա անցյալին:

«Մենք ձերբազատում ենք մեզ Ռուսական կայսրության ու Խորհրդային միության հետ կապող բոլոր շղթաներից: Մեր սերնդի գլխավոր խնդիրն է՝ Ուկրաինայի անկախությունը դարձնել անշրջելի, երկիրը՝ հզոր ու ամուր, առանց ռուսական ազդեցության տակ վերադառնալու գեթ մեկ հեռանկարի: Հաջորդ քայլով անհրաժեշտ է խզել կապերը ռուսական եկեղեցու հետ»,- շքերթի ժամանակ հայտարարել է Պորոշենկոն, ընդգծելով՝ դա Ուկրաինայի անկախության համար կարևոր է նույնքան, որքան բանակի հզորացումը, լեզվի պահպանումն ու անդամակցությունը եվրատլանտյան կառույցներին:

«Մարմինը չի կարող ազատ լինել, եթե հոգին պատանդ է, և այսօր թող մեզ լսեն Կոստանդնուպոլիսում, Մոսկվայում ու Վատիկանում՝ մենք վճռական ենք տրամադրված՝ խզելու վերջին կապանքը, որով Ռուսական կայսրությունը փորձում է մեզ իրեն կապել: Մենք չենք կարող կախածության մեջ լինել ռուսական եկեղեցուց, որն օրհնում է Պուտինի հիբրիդային պատերազմն Ուկրաինայի դեմ, մի եկեղեցուց, որն ամեն օր աղոթում է Ռուսաստանի իշխանությունների ու զորքերի համար»,- նաև ասել է Ուկրաինայի ղեկավարը:

1991 թվականի ապրիլի 24-ին Ուկրաինայի Գերագույն խորհուրդը հայտարարեց ԽՍՀՄ-ից անկախանալու մասին: «Թեև այսօր մենք անկախ լինելու մեր իրավունքի համար բարձր գին ենք վճարում և ստիպված ենք պաշտպանել մեր հայրենիքն ագրեսորից, սակայն շարունակում ենք մնալ հզոր ու համախմբված երկիր»,- այսօրվա իր ելույթում նաև ասել է Պորոշենկոն, ընգծելով՝ Կիևը երբեք չի հաշտվի Ղրիմի բռնակցման հետ:

«Վերջին 4,5 տարիներին թշնամու ձեռքով հազարավոր ուկրաինացիներ են զոհվել՝ թե՛ զինվորականներ, թե՛ խաղաղ բնակիչներ: Ուկրաինան անցել է պատերազմի ու տնտեսական ճգնաժամի փորձությունների միջով: Մենք, սակայն, հաղթահարել ենք դրանք ու ոտքի կանգնել՝ դառնալով էլ ավելի հզոր ու ամուր»,- ասել է Պորոշենկոն:

Երկրի ռազմական ներուժը ցուցադրելու համար Կիևն այսօր զորահանդես էր կազմակերպել, որը, ըստ փորձագետների ու պաշտոնյաների, ամենախոշորն ու տպավորիչն էր վերջին տասնամյակների ընթացքում: Մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակ էին բերվել նորագույն զինատեսակներ, շքերթին մասնակցում էին հազարավոր զինվորներ, այդ թվում՝ Ուկրաինայի դաշնակից երկրներից՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Վրաստանից և Մոլդովայից:

Հարթակում ևս արևմտյան մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ էին ներկա, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհդական Ջոն Բոլթոնը: Վերջինս հայտարարեց, թե Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ ահմանված ամերիկյան պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը չի փոխել իր պահվածքը: Վաշինգտոնից ժամանած բարձրաստիճան դիվանագետը նաև գովեստով խոսեց ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի ջանքերի մասին, որոնց Մոսկվան հրապարակավ ընդդիմանում է:

«Թրամփի վարչակազմում ակտիվորեն քննարկում են Ուկրաինայի եվրատլանտյան նկրտումները, մի շարք քայլեր արդեն ձեռնարկվել են: Շատ բան կախված է Ուկրաինայից՝ անհրաժեշտ պահանջները կատարելու, ռազմական ու քաղաքական խնդիրներին համապատասխանելու առումով, սակայն, կարծում եմ, որ առաջընթաց կա»,- ասել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ի դեպ, Ոկրիանայի նախագահ Պորոշենկոն այսօր կայացած ռազմական շքերթի ժամանակ նաև հայտարարել է, թե առաջիկա օրերին երկրի խորհրդարան է ներկայացնելու օրինագիծ, որը Մայր օրենքում կարձանագրի դեպի Եվրոպա գնալու՝ Ուկրաինայի ձգտումները: «Ես կպնդեմ, որ Սահմանադրությամբ ամրագրվեն Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մեր ծրագրերը: Իրավաբաններն արդեն գտել են ձև, որպեսզի դա արվի արագ և օպտիմալ: Մինչև Գերագուն ռադայի աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 4-ը, ես կներկայացնեմ այդ օրինագիծը»,- ասել է Պորոշենկոն:

Ընդ որում, խոսելով Կիևի եվրոպական հավակնությունների մասին, Պորոշենկոն ընդգծել է՝ սա կարևոր ու կեսանական նշանակություն ունի միաժամանակ երկու կողմի համար: «Առանց Ուկրաինայի տարածքային ամբողջականության, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի սահմանները չեն կարող լինել անվտանգ, Եվրամիությունն առանց Ուկրաինայի չի կարող համարվել լիարժեք»,- պնդել է նախագահ Պետրո Պորոշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG