Նյու Յորքի նահանգային դատարանը մերժել է հանճարեղ բիթլ Ջոն Լենոնի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Մարք Չեփմենի՝ վաղաժամ ազատ արձակվելու խնդրագիրը:
Դատարանն արդեն 10-րդ անգամ է մերժում Չեփմենի դիմումը:
Հանցագործն այս գրեթե 40 տարիների ազատազրկման ընթացքում մի քանի անգամ հայտարարել է սպանության համար զղջալու մասին, մեկ հարցազրույցում ներողություն է հայցել Լենոնի այրի Յոկո Օնոյից և միլիոնավոր երաժշտասերներից իր արարքի համար և այն բացատրել է հոգեկան խանգարումով:
Ըստ փաստաբանների, նա բանտում չի խախտել պատիժը կրելու կանոնները և կատարել է ադմինիստրացիայի բոլոր պահանջները: Այնուամենայնիվ դատարանը մշտապես մերժում է դատապարտյալի ազատ արձակվելու խնդրանքները:
Պատժաչափի հարցերը կարգավորող նահանգային հանձնաժողովը 63-ամյա Չեփմենին նամակով տեղեկացրել է, որ նա պետք է ևս երկու տարի սպասի՝ նոր դիմում ներկայացնելու համար:
«Հանձնաժողովը համարում է, որ Ձեր ազատ արձակումը սպառնում է հանրության բարօրությանը և անվտանգությանը», - ասվում է հանձնաժողովի նամակում:
Չեփմենը 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Լենոնին դարանակալել է նրա տան դարպասի մոտ և թիկունքից 5 փամփուշտ է արձակել բիթլի վրա, ապա մնացել է տեղում և սկսել է ընթերցել Ջերոմ Սելենջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գիրքը:
Սպանության համար նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ նվազագույն 20 տարվա պատժաչափի պայմանով:
20 տարի անց՝ 2000 թվականին, նա ստացել է ներում խնդրելու իրավունք և վաղաժամ ազատվելու դիմում է ներկայացրել, որը մերժվել է: Դրանից հետո նա, օրենքով սահմանված կարգով, գրել է դիմումներ, որոնք մերժվել են: Հաջորդ անգամ նա կարող է դիմում գրել 2020 թվականին:
Չեփմենը պնդում է, որ Լենոնին սպանել է հոգեկան խանգարման վիճակում՝ Սելենջերի գրքի ազդեցության ներքո: Նա ասում է, որ սպանությունից առաջ անընդհատ լսել է ձայներ, որոնք, իբր ասել են՝ «Սպանիր Լենոնին, սպանիր Լենոնին»:
Մարք Չեփմենը պատիժը կրում է Նյու Յորքի նահանգի Ալդեն բանտում: