Մատչելիության հղումներ

Մերկելի այցն առաջին հերթին պետք է դիտարկել տարածաշրջանային կոնտեքստում. քաղաքագետ


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, արխիվ
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցն առաջին հերթին պետք է դիտարկել տարածաշրջանային կոնտեքստում, քանի որ այդ այցելությունը պաշտոնական այցելություն է բոլոր երեք պետություններ, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Վրաստանում եղել է, գալիս է Հայաստան, հետո Ադրբեջան։ Իրենց հետաքրքիր է գալ տարածաշրջան, ուսումնասիրել։ Սպասելիքներ այդ կոնտեքստով կարող են լինել, առաջինը՝ տարածաշրջանային համագործակցություն, երկրորդը՝ լուծում կոնֆլիկտների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի։ Համոզված եմ, որ այդ հարցերը կշոշափվեն և՛ Երևանում, և՛ Բաքվում», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով. - «Եվրոպական երկրները բավական դրական են տրամադրված Իրանի նկատմամբ ու այստեղ Հայաստան-Իրան կոնտեքստը կլինի, երկրորդ կոնտեքստը՝ երկկողմ՝ Հայաստան-Գերմանիա և Եվրամիության հետ համագործակցություն»։

Հաշվի առնելով, որ Գերմանիան ունի որոշիչ ձայն ու լրջագույն ազդեցություն Եվրամիությունում, շատ կարևոր է լավ, ակտիվ աշխատել Մերկելի հետ, որ ոչ միայն ավելանա Եվրամիության աջակցությունը Հայաստանին, այլև ամրապնդվեն հայ-գերմանական հարաբերությունները, ասաց Ստեփան Գրիգորյանը։

«Օրինակ մեր խաղաղապահներին նաև Գերմանիան է աջակցում։ Մենք ունենք խաղաղապահ ուժեր, նրանք գտնվում են Կոսովոյում, Պակիստանում, այլ տեղերում, ու այստեղ Գերմանիայի դերը մեծ է։ Ուրեմն երկկողմ բաղադրիչը մենք պետք է զարգացնենք։ Գերմանիայի կանցլերը, պարզ է, տեղում կտեսնի դրական տենդենցները, որ կան Հայաստանում, ու պարզ է շահագրգռվածությունը կբարձրանա, բայց նաև Եվրամիության կոնտեքստով, քանի որ հենց Եվրամիությունում գլխավոր դոնորը, հովանավորն ու գեներատորը Ֆրանսիան ու Գերմանիան են», - ասաց քաղաքագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG