Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելն այսօր ժամանում է Հայաստան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում, արխիվ

Այսօր Հայաստան է ժամանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Սա Գերմանիայի առաջին կանցլերի, ինչպես նաև Մերկելի առաջին այցն է Հայաստան։ Նա նաև առաջին եվրոպացի ազդեցիկ պաշտոնյան է ով Հայաստան է այցելում՝ իշխանափոխությունից հետ:

Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, Մերկելի մեկօրյա այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի բանակցություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու երկրների առաջնորդները բանակցությունները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Մերկելն առանձին հանդիպում կունենա նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ապա կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Գերմանիան 2016 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ 1915-ի իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակող բանաձևը Բունդեսթագը ընդունեց գրեթե միաձայն։

«Մերկելի հայաստանյան այցը պատմական է»

Մերկելի հայաստանյան այցը պատմական է, «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնում «Թագեսցայթունգ» գերմանական թերթի հայազգի թղթակից Տիգրան Պետրոսյանը։

Լրագրողը նկատում է, որ ի տարբերություն նախկինի, այժմ Բեռլինը Հարավային կովկասում ոչ թե տարածաշրջանային քաղաքականություն է վարում, այլ անհատական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի նկատմամբ։

«Գերմանիան փորձում է առանձին քաղաքականություն վարել երեք երկրների հետ։ Եթե, օրինակ, Ադրբեջանում էներգետիկ հարցերն են քննարկվում, Վրաստանում կարող է նաև ՆԱՏՕ-ի անդամակցության, Եվրամիության անդամակցության հարցեր քննարկվել, մեզ համար առավել կարևոր է ժողովրդավարության զարգացումը և Գերմանիայի աջակցությունը ինստիտուցիոնալ այս առումով։ Այո՛, մենք չունենք էներգետիկ ռեսուրսներ, բայց տնտեսական հարցեր կարող է մեզ հետ էլ քննարկվել։ Այս անցն ավելի շուտ աշխատանքների արդյունք է, նկատի ունեմ հայկական դիվանագիտության, հայկական կողմի, որը պետք է նոր թափ հաղորդի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է Մերկելի հայաստանյան այցի օրակարգին, ապա հստակ է, որ նրա հայտարարությունները հիմնականում ուղղված կլինեն Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ շարունակում է գերմանաբնակ լրագրողը։

«Կարծում եմ, որ Մերկելն, առաջին հերթին, խոսելու է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին և կոչ է անելու, որպեսզի Հայաստանի կառավարությունը նաև Հայաստանի հասարակությունը մնա այդ պրոցեսում և շարունակի ժողովրդավարությանն ուղղված քայլերը։ Այսինքն՝ դեմոկրատիային ուղղված, իրավական պետությանն ուղղված կոչեր պետք է որ հնչեն։ Հայերին նաև առավել շատ հետաքրքրում է արցախյան խնդիրը և, պետք է ասեմ, որ այստեղ այնքան էլ ասելիք պետք չէ սպասել Անգելա Մերկելից, քանի որ շարունակելու է Մերկելը երկու կողմերին էլ կրկնել Գերմանիայի պետական պաշտոնական թեզն, այն է, որ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահների գործունեություններին և կոչ է անում երկու կողմերին էլ նստել բանակցությունների սեղանին, շարունակել բանակցությունները՝ բացառելով ռազմական ուժի որևէ կիրառում», - ասաց լրագրողը։

«Թագեսցայթունգ» պարբերականի թղթակիցը փոխանցում է, որ գերմանական մամուլը բավական ակտիվորեն է լուսաբանում կանցլերի հարավկովկասյան շրջագայությունը, իսկ Հայաստանը ներկայացվում է հիմնականում դրական լույսի ներքո՝ իշխանափոխությանը հաջորդած բարեփոխումների շնորհիվ։

«Հայաստանն ունի բացարձակապես շահեկան դիրքեր լրատվության մեջ։ Եթե, օրինակ, խոսվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարված են, որ Ադրբեջանը վարում է բռնատիրական քաղաքականություն և Անգելա Մերկելը պետք է խոսի այս հարաբերությունների մասին, եթե խոսվում է Վրաստանի իրադարձությունների մասին կապված տասնամյա պատերազմի հետ՝ ի՞նչ է լինելու Վրաստանի ճակատագիրը, անդամակցելո՞ւ է ՆԱՏՕ-ին, թե՞՝ ոչ, ապա Հայաստանի պարագայում շատ է խոսվում թավշյա հեղափոխության մասին և, օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Մերկելի հետ և ցիտում են գերմանական լրատվամիջոցները Փաշինյանին, այն համատեքստում, որ պայքար է տարվում կոռուպցիայի դեմ։ Հայաստանն ավելի լավ լույսի տակ է ներկայացված։ Բնականաբար որոշակի մտահոգություններ կա գերմանական կողմից և խոսվում է՝ արդյո՞ք Մերկելի տարածաշրջանային այցն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ, կամ, օրինակ, ինչպե՞ս կվերաբերվեն դրան Ռուսաստանում, փորձելո՞ւ է, օրինակ, Մերկելն այդ երեք երկրներին ավելի կապել Եվրամիությանը և կտրել Ռուսաստանին։ Նմանատիպ հարցեր նաև բարձրացվում են գերմանական կողմից», - ասաց Տիգրան Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG