Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դմիտրի Գուցուլյակը ճեպազրույցում հայտնել է, որ այսօր վաղ առավոտից Ուկրաինայի արևելքում՝ Լուգանսկի շրաջանի հակամարտ գծում, կատաղի մարտեր են ընթանում ուկրաինական բանակի և ռուսամետ անջատականների միջև:
Նրա պնդմամբ, մարտական գործողությունները սկսվել են վաղ առավոտյան, երբ անջատականները փորձել են գրավել մայրուղու դիտարկման դիրքերը, որոնք գտնվում են ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ: 5 ժամ տևած մարտերից հետո անջատականների գրոհը հետ է մղվել, սակայն ուկրաինական կողմը կորուստներ է կրել՝ 4 զոհ ու 7 վիրավոր: Եվս մեկ զինծառայող զոհվել է անջատականների կողմից մեկ այլ ուղղությամբ իրականացված ռմբակոծության հետևանքով:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակը ասել է, թե անջատականները Մինսկի համաձայնագրով արգելված խոշոր տրամաչափի ականանետ են կիրառել:
Լուգանսկի անջատականները հարձակման մեջ մեղադրել են ուկրաինական կողմին: Լուգանսկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչն այսօր մամուլի ասուլիս է տվել, և նրա շարադրած վարկածով ուկրաինական կողմը փորձել է գրավել իրենց դիրքերը, բայց համարժեք պատասխան են ստացել և նրա հայտած տվյալներով՝ ուկրաինական կողմը 3 զոհ, 4 վիրավոր ունի:
Այսօրվա բախումները տեղի են ունենում Ուկրաինայում նշվող Ազգային դրոշի տոնի ֆոնին:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ելույթ ունենալով Դնեպրում, ներողություն է խնդրել 4֊ամյա վաղեմության իր հայտարարության համար: Նա 2014-ին ասել էր, թե Դոնբասում պատերազմը շուտով կավարտվի: ֊ «Ցավում եմ, որ չարդարացված խոստում եմ տվել: Ներողություն եմ խնդրում դրա համար», ֊ ասել է Պորոշենկոն:
Վաղը Կիևի կենտրոնում նախատեսվում զինվորական մեծ շքերթ անցկացնել, որին 9 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցելու է նաև մարտական ավիացիան, 4 հազարից ավելի զինվորականներ, 200-ից ավելի զինտեխնիկա ու նաև ստորաբաժանումներ արտասահմանյան մի քանի երկրներից:
2014-ի ապրիլից Ուկրաինայում բռնկված հակամարտության հետևանքով արդեն ավելի քան 10 հազար մարդ է զոհվել: