Մատչելիության հղումներ

Ջիվան Գասպարյանի 90-ամյակը կնշվի հոբելյանական համերգով


Այս տարի աշնանը աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը կնշի ծննդյան 90-ամյա հոբելյանը: Երեկ նա հանդիպել է Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ քննարկելու հոբելյանական համերգի հետ կապված հարցեր:

Նախարարը նշեց, որ պետք անեն ամեն ինչ, որպեսզի այդ համերգը լինի տարվա ամենավառ մշակութային իրադարձություններից մեկը:

Իր ողջ կյանքում Ջիվան Գասպարյանն անընդմեջ ստեղծագործել է: Առաջին անգամ դուդուկը ձեռքն է վերցրել և նվագել 6 տարեկանում: Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ծնված երեխան շուտ է որբացել և երկար ժամանակ որբանոցում է բնակվել: Հետո աստիճանաբար սկսել է իր ուղին հարթել օժտվածության, տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ: Իսկ 1988-ից՝ ճիշտ 30 տարի առաջ, սկսվեց նաև Ջիվան Գասպարյանի հաղթարշավը միջազգային ասպարեզում: Նա հանդես է գալիս տարբեր հեղինակավոր բեմերում, բազմաթիվ հրավերներ է ստանում աշխարհահռչակ կոմպոզիտորներից ու դիրիժորներից: Գասպարյանի դուդուկի հնչյունները գրավել են նաև հոլիվուդյան աստղերին: Բազմաթիվ ֆիլմերում նրա երաժշտությունն է հնչում:

90-ամյա տարիքում էլ Ջիվան Գասպարյանը շարունակում է հանդես գալ համերգներով՝ հիացնելով իր բազմահազար ունկնդիրներին:

Մինչև նախարարի հետ հանդիպելը, Վարպետը զրուցեց նախարարության մուտքի մոտ խմբված լրագրողների հետ՝ շեշտելով, որ ինքն իր հոբելյանը, որը լրանում է այս տարվա հոկտեմբերի 12-ին, ցանկանում է բավական համեստ նշել: Հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Իմ ստեղծագործությունների երեկոն կլինի: Ես երևի կերգեմ իմ ստեղծած երգերը: Շատ հետաքրքիր կլինի, որովհետև սա վերջին համերգն է իմ: 75 տարի բեմի վրա պրոֆեսիոնալ մակարդակով ամբողջ աշխարհին բացատրեցի ինչ ա դուդուկը, ինչ ա հայը: Եվ պատահական չէր, որ ՅՈւՆԵՍԿՈ-ն համարեց աշխարհի ամենալավագույն գործիքը, և աշխարհի տասնյակի ամենալավագույն առաջին համարը Ջիվան Գասպարյանին նշեց»:

Աշխարհահռչակ երաժիշտն ասաց, որ քաղաքականություն չի սիրում․ - «Չեմ ուզում մռնեմ խառը-մառը գործերի մեջ, ինձ պետք չի: Քանի որ դա շատ լուրջ գործ ա․․․ Ես ինձ համար հայ եմ, քսան հազար կոնցերտ եմ նվագել աշխարհի ամենամեծ բեմերից սկսած: Միայն Անգլիայի թագուհու պալատում երեք անգամ իրա սիմֆոնիկ օրկեստրի հետ ելույթ եմ ունեցել: Կանադայի ակադեմիայի անդամ եմ, պրոֆեսոր եմ, Երևանի պատվավոր քաղաքացի․․․ Ես երջանիկ մարդ եմ, ճիշտ ա, մանկությունս դառն ա անցել՝ ծնողներիս կորցրել եմ, երեք երեխայով անտեր մեծացանք»:

«Ազատության» հարցին, թե ինչ է իր համար կարևոր կյանքում, Վարպետն արձագանքեց․ - «Ինձ համար կարևորը մաքուր ապրես քո կյանքով, ուրիշի կյանքի մեջ չխառնվես»:

Ջիվան Գասպարյանը Հայաստանում ուզում է տեսնել «արդարություն, մաքրություն, ամեն մարդ իրա գործով զբաղվի»․ - «Էն մի բանից, որ գլուխդ չի հասնում, մի խցկվի ընտեղ: Գնա ապրի քո համար: Մասնագիտությունը ինչի՞ համար են սովորում, մարդիկ բժիշկ են դառնում, ինժեներ, երաժիշտ․․․ Ամեն մարդ իրա գործով զբաղվի, երկիրը կծաղկի, կզարդարվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG