Մատչելիության հղումներ

Երեկվանից ուժի մեջ մտած ամերիկյան նոր պատժամիջոցներն ավելի են խթանել ռուբլու անկումը


Մոսկվա, 23-ը օգոստոսի, 2018 թ․
Մոսկվա, 23-ը օգոստոսի, 2018 թ․

Երեկվանից ուժի մեջ է մտել Սկրիպալների թունավորման գործի հետ կապված՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների առաջին խումբը: Այդ ֆոնին երեկվանից ռուսական ռուբլին շարունակել է դոլարի նկատմամբ արժեզրկումը․ մոսկովյան բորսայում 1 դոլարն այսօր արժեր 68,50, իսկ 1 եվրոն՝ 79,20 ռուբլի:

Մինչդեռ՝ Մոսկվայի տարադրամի փոխանակաման կետերում դոլարի գինը գերազանցել է 70, իսկ եվրոյինը՝ 80 ռուբլին: Սա արդեն ռեկորդային արժեզրկում է, նկատում են փորձագետները:

Հարկ է նշել, որ մինչ նոր պատժամիջոցների գործարկումը, ամերիկյան կողմն արդեն իսկ արգելել էր Ռուսաստանի հետ երկակի նշանակության ապրանքների հետ կապված գործարքները։ Մինչդեռ, ՌԴ տնտեսության համար առավել ծանր սահմանափակումները դեռ առջևում են․ դրանք ուժի մեջ են մտնելու երեք ամսից։ Սահմանափակումների երկրորդ խումբը նախատեսում է ռուսական հիմնական բանկերի գործնեության արգելքը Միացյալ Նահանգներում: Անգամ հնարավոր է, որ արգելվի ռուսաստանյան ամենամեծ ավիաընկերության՝ «Աէրոֆլոտի» թռիքները դեպի ԱՄՆ:

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արձագանքելով, ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանմանը, ասել է, թե դրանք «անարդյունք են և անիմաստ»։ Մինչդեռ՝ փորձագետները հոռետես են և ակնկալում են, որ անգամ միջազգային շուկայում նավթի գների բարձր մակարդակի պարագայում, ռուբլին շարունակելու է «բացասական ռեկորդներ արձանագրել»: Ըստ այդմ, կանխատեսվում է, որ նոր սահմանափակումները պարզապես կաթվածահար կանեն Ռուսաստանի ֆինանսական շուկան: ՌԴ իշխանությունները խոստովանել են, որ առաջիկա 12 ամիսներին ռուսական ռուբլին շարունակելու է անկում ապրել՝ խոստանալով «համարժեք պատասխան տալ»։

Փորձագետները, մինչդեռ, փաստում են, որ ռուսական ռուբլու փոխարժեքի վրա առավելապես ազդում են արտաքին գործոնները, իսկ դրանց հակազդելու լուրջ հնարավորություններ ՌԴ իշխանությունները պարզապես չունեն։ «БКС Премьер» ընկերության ֆինանսական վերլուծաբան Ալեքսանդր Բախտինի կարծիքով՝ Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամը, մասնավորապես, ռուբլու արժեզրկումը, նոր թափ կստանան հատկապես սեպտեմբերին, երբ արձակուրդից կվերադառնան ամերիկացի օրենսդիրներն ու կսկսեն քննարկել Մոսկվայի հանդեպ պատժամիջոցների նոր ցանկ ենթադրող օրինագիծը:

Սպասվում է, որ այդ փաստաթղթի թիրախում են հայտնվելու նաև ռուսական պետական երկարաժամկետ պարտատոմսերը, որոնցում ներդրումներ կատարելն արգելվելու է: «Ակնկալել, որ առաջիկայում ռուսական ռուբլին կկայունանա, պետք չէ»-, ասում է TeleTrade-ի վերլուծաբան Ժաննա Կուլակովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG