British Airways ընկերությունը հաջորդ ամսվանից չեղարկելու է Լոնդոն-Թեհրան-Լոնդոն ուղիղ չվերթը:
Ընկերության փոխանցմամբ, այդ չվերթը տնտեսական առումով շահավետ չէ: Վերջին չվերթը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:
British Airways-ը 2012 թվականին է հրաժարվել իրանական ուղղությունից, ինչը պատճառաբանվել է միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Արևմուտքի հարաբերություններում առաջացած ճգնաժամով, սակայն 2016-ին՝ երբ միջազգային տերությունները և Իրանը ստորագրել են միջուկային պայմանագիրը, ընկերությունը վերականգնել է չվերթները:
Միացյալ Նահանգներն այս տարի դուրս է եկել այդ պայմանագրից և վերականգնել է սառեցրած պատժամիջոցները:
Մեծ Բրիտանիան հայտարարել է, թե ցանկանում է պաշտպանել եվրոպական ընկերություններին այն դեպքում, եթե դրանք ենթարկվեն ամերիկյան պատժամիջոցներին, սակայն մեծ թվով եվրոպական, այդ թվում բրիտանական ընկերություններ արդեն սկսել են հեռանալ Իրանից: