Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը պահանջում է ԿԸՀ նախագահի հրաժարականը


Անահիտ Թարխանյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Անահիտ Թարխանյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

«Երևանի հանրություն» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Անահիտ Թարխանյանն այսօր հայտարարեց՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ պահանջում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:

«Մենք չենք կարող մասնակցել ընտրություններին և հանրությանը բացատրել, թե ինչու այս վիճակում, երբ այսքան բան է փոխվել Հայաստանում, և մենք բռնել ենք նոր ուղի, պարոն Մուկուչյանը շարունակում է մնալ ԿԸՀ նախագահ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անահիտ Թարխանյանը։

«Ազատությունն» այսօր զրուցեց նաև Տիգրան Մուկուչյան հետ: Հարցին՝ պատրաստվու՞մ եք հրաժարական ներկայացնել, ԿԸՀ նախագահը հետևյալ պատասխանը տվեց․ «Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի գործառույթներ, որոնք սահմանված են սահմանադրական օրենքով՝ նախատեսված ժամկետներում իրականացնել բոլոր նախապատրաստական աշխատանքները՝ ընտրությունները պատշաճ կազմակերպելու համար»։

Օրերս Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքում, որը նվիրված էր նոր կառավարության պաշտոնավարման 100 օրվան, վարչապետը հայտարարել էր՝ Հայաստանում արդեն իսկ փոփոխություններ են տեղի ունեցել, և քաղաքացիները դա ապացուցելու հնարավորություն են ունենալու՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ընտրելով մայրաքաղաքի նոր քաղաքապետ՝ ի դեմս Հայկ Մարությանի:

«Ազատության» հարցին՝ հիշյալ հանրահավաքի և դրա ընթացքում հնչած ելույթների ֆոնին որքան եք գնահատում հաղթանակի ձեր հնարավորությունը, Անահիտ Թարխանյանը պատասխանեց․ «Եթե հաշվի առնենք, որ հրապարակում ներկա էր ամենաշատը 80 հազար մարդ, իսկ կեսից ավելին շրջաններից էին եկել, 40 հազար մարդ այսօր, կարելի է ասել, քվեարկելու է Հայկ Մարությանի օգտին, բայց դա ամբողջ Երևանը չէ, մենք բարձր ենք գնահատում մեր շանսերը»։

«Երևանի հանրություն» դաշինքը Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջով ծրագրում է վաղը հանրահավաք անցկացնել ԿԸՀ շենքի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG