Մատչելիության հղումներ

Վրաստանում Մերկելի աջակցությունն են ակնկալում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի իշխանությունները հուսով են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան կատարելիք երկօրյա այցի ընթացքում կհայտարարի Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու մասին: Այդ մասին ասել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Վախթանգ Մախարոբիշվիլին:

«Պաշտոնական հանդիպումներից զատ տիկին Մերկելը կայցելի Ցխինվալի շրջանում օկուպացիոն գոտի և Թբիլիսիում ծաղկեպսակ կզետեղի Վրաստանի տարածքային ամբողջականության համար մարտերում զոհված զինվորների հուշարձանին», - ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև Վրաստանի եվրոպական ինտեգրման և Եվրամիության հետ տնտեսական համագործակցության հարցերը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Մերկելն առաջին անգամ Վրաստան է այցելել 2008 թվականի օգոստոսի 17-ին՝ օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի ավարտից օրեր անց, իսկ մինչ այդ նա օգոստոսի 15-ին՝ Սոչիում այդ պատերազմն ավարտելու շուրջ բանակցել է Դմիտրի Մեդվեդևի հետ, ով այն ժամանակ զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը:

Մինչդեռ, վրացական մամուլը հայտնում է, որ պատանի Անգելա Մերկելը դեռ 1970-ական թվականներին, որպես ռուսաց լեզվի օլիմպիադայի հաղթող Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունից, այցելել է Խորհրդային Վրաստան:

Մերկելը քիչ հետո կժամանի Թբիլիսի: Հարավոկովկասյան ուղևորության ընթացքում Գերմանիայի կանցլերը կայցելի նաև Հայաստան և Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG