Մատչելիության հղումներ

Օգոստոսի 23-ի հռչակագիրը մեկնակետն էր դեպի 1991-ի սեպտեմբերի 21-ը տանող ճանապարհին. ԱԺ նախագահ


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի առթիվ։

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. - «1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը վավերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» անվանումը:

Նրա տասներկու կետերն ասես սեղմ ու փոքրիկ Սահմանադրությունն էին դեռ չստեղծված հայոց անկախ ու ժողովրդավարական պետականության, և նրա բոլոր դրույթները պիտի սրբորեն պահպանենք, որովհետև միայն այդ ճանապարհով ենք պաշտպանելու այն ամենը, որոնք գերակա արժեքներ հռչակելու համար 1988-ին պայքարի ելանք:

Անգամ 28 տարի անց դժվար է ասել՝ Հայաստանի անկախության հռչակագիրը մեր քաղաքական մտքի մանկությո՞ւնն էր, թե՞ իրավական մտքի հասունության արտացոլումը:

Հստակ է, որ այն շարունակությունն էր Խորհրդային Հայաստանի 11-րդ գումարման Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 24-ի անավարտ մնացած նիստի, երբ խորհրդարանը կեսգիշերն անց հայտարարեց, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած օրենքները:

Զրահատեխնիկան մտավ Հայաստանի մայրաքաղաք, սակայն խորհրդարանն արդեն վավերացրել էր ժողովրդի կամարտահայտումը:

Օգոստոսի 23-ի հռչակագիրը միաժամանակ կարևորագույն ուղենիշն ու մեկնակետն էր դեպի 1991 թվականի սեպտեմբերի 21-ը տանող ճանապարհին:

Այն հռչակագիր էր, բայց նրա տասներկու կետերից և ոչ մեկը դեկլարատիվ բնույթ չկրեց, այլ մեր պայքարի, զրկանքների ու զոհողությունների շնորհիվ դարձավ իրականություն:

Օգոստոսի 23-ը մեր տոնացույցում գրված է ոսկյա տառերով և դարձել է հայության մի քանի սերունդների երազանքն իրականություն դարձնելու կամքի ու վճռականության խորհրդանիշը:

Տասնամյակներ կհաջորդեն միմյանց, բազմաթիվ օրենքներ կվերախմբագրվեն, փոփոխություններ կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում: Սակայն, ինչպես մենք, այնպես էլ գալիք յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել Հայաստանի անկախության հռչակագրում ձևակերպված այն իսկապե՛ս ժողովրդավարական ու ազգային արժեքները, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարությունը, որոնք հիմնարար արժեքներ հռչակվեցին 1990 թվականի օգոստոսի 23-ին:

Բարին ընդ մեզ այդ ճանապարհին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG