Մատչելիության հղումներ

Բաքուն սպառնացել է ձերբակալել Մերկելի պատվիրակության անդամին․ Սկանդալ՝ ԳԴՀ կանցլերի Բաքու այցից առաջ


Արխիվ
Արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ վաղը մեկնարկող հարավկովկասյան եռօրյա շրջագայության նախաշեմին Բաքվի և Բեռլինի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել: Ադրբեջանի արտգործնախարությունը հրաժարվել է մուտքի արտոնագիր տալ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամ, Մերկելի կուսակից, «Բունդեսթագի» պատգամավոր Ալբերտ Վայլերին՝ պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության:

«Վայլերի անունն ընդգրկված է Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում, քանի որ նա ապօրինի այցելել է Ադրբեջանի գրավյալ տարածքներ՝ 2014-16 թվականներին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Ավելին՝ գերմանական թերթերը գրում են, թե Բաքուն սպառնացել է անգամ ձերբակալել գերմանացի պատգամավորին, եթե վերջինս, այնուամենայնիվ, ժամանի Ադրբեջան:

«52-ամյա Վայլերը որևէ մեղք չի գործել, սակայն հայտնվել է մի ճգնաժամի կենտրոնում, որի պատճառով կանցլեր Մերկելը կարող էր չեղարկել այցն Ադրբեջան»,- գրել է գերմանական «Մաննհեիմեր Մորգենը»: Թերթերը գրում են, որ այս հարցի շուրջ Գերմանիայի կառավարությունն օրեր շարունակ բանակցել է Ադրբեջանի դեսպանի հետ, սակայն ապարդյուն: Իվերջո երեկ, կանցլերի խոսնակը հայտարարել է, որ Մերկելն, այդուամենայնիվ, կմեկնի Ադրբեջան, բայց միջադեպն անարձագանք չի մնա:

«Անգելա Մերկելն անպայման կանդրադառնա այս հարցին և կընդգծի, որ նման դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկխոսությանը»,- ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերթը, հավելելով․ «Դաշնային կառավարության տեսանկյունից Ադրբեջանի այդ դիրքորոշումը ափսոսանքի է արժանի»: Վերջինս տեղեկացրել է նաև, որ կանցլերը որոշել է ուժի մեջ թողնել Բաքու կատարելիք այցը՝ Վայլերի հետ խորհդակցություններից հետո միայն: Ինքը՝ Ադրբեջանի «սև ցուցակում» ընգրկված գերմանացի պատգամավորը «Ռոյթերզին» պատմել է . «Մենք կանցլերի հետ քննարկեցինք և եկանք համաձայնության, որ պետք չէ չեղարկել հանդիպումները, անհրաժեշտ է մնալ բաց երկխոսության մեջ՝ առկա տարաձայնությունները քննարկելու համար: Բայց Կանցլերը խոստացավ Բաքվում հստակորեն քննադատել Իլհամ Ալիևին՝ ինձ մուտքի արտոնագիր չտալու համար»:

Գերմանացի պատգամավորի այս հայտարարություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է, թե Բաքուն կառուցողական է տրամադրված և անգամ պատրաստ է հանել նրան «սև ցուցակից», եթե Վայլերը ներողություն խնդրի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը չհարգելու՝ իր քայլերի համար: «Բունդեսթագի» պատգամավորը, սակայն, ոչ միայն նման ցանկություն չի հայտնել, այլև պնդել է․ «Ադրբեջանն իրեն վեր է դասում ժողովրդավարությունից»:

«Ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորի առջև դռներ փակելը ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունի»,- ասել է նա «Բիլդին», հավելելով․ «Ես շատ մտահոգված եմ տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և կուզեի միջնորդի դեր ստանձնել ու աջակցել խաղաղության հաստատմանը»:

«Տագեշպիգելն», իր հերթին, փաստում է, որ առանց այս խնդրի էլ Բաքուն լինելու էր Մերկելի այցի ամենաբարդ կանգառը: «Ադրբեջանը ռազմավարական ու էներգետիկ առումով կարևոր գործընկեր է, պնդում են Գերմանիայի կառավարությունում, սակայն իրավապաշտպանները հիշեցնում են, որ երկիրը ղեկավարում է բռնապետ Իլհամ Ալիևը, ով իշխանությունը ժառանգել է հորից՝ 2003 թվականին»,- գրում է գերմանական պարբերականը՝ մեջբերելով ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովի խոսքերը. «Ադրբեջանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ նախագահն իր կնոջը կարգել է փոխնախագահ»:

Անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին՝ «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայթունգը» նշում է՝ կանցլերը կհանդիպի Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով իշխանության եկավ մայիսին՝ շաբաթներ շարունակված բողոքի ակցիաներից հետո, և հիմա հայտարարել է երկրում կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար տանելու և օրենքի գերիշխանություն հաստատելու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG