Մատչելիության հղումներ

Թուրքիան ուշադրությամբ հետևելու է Մերկելի՝ Հարավային Կովկաս այցին․ Թուրքական ԶԼՄ-ներ


Անգելա Մերկել, արխիվ

Թուրքիան ուշադրությամբ հետևելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հարավային Կովկաս կատարելիք այցին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Նախատեսվում է, որ եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում կանցլերը վաղը կլինի Թբիլիսիում, ապա կմեկնի Երևան ու Բաքու:

Թուրքական «Հյուրիյեթը» գրում է, որ Մերկելը Երևանում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև այցելելու է 1915 թվականի զոհերի հուշահամալիր: Պարբերականը հարց է տալիս՝ արդյո՞ք Մերկելը Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ կարտաբերի «ցեղասպանություն» բառը:

2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ 1915- ի իրադարձությունները որակելով որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պաշտոնական Անկարան խիստ արձագանքեց դրան՝ գերմանացի օրենսդիրների որոշումը բնութագրելով որպես «պատմական սխալ», որը վնաս կհասցնի թուրք-գերմանական հարաբերություններին:

Թուրքիան հայտարարեց, թե այդ որոշումն իրավական ոչ մի ուժ չունի: Օրեր անց թուրքական իշխանությունները հայտարարեցին, թե արգելելու են գերմանացի խորհրդարանականների մուտքը «Ինջիրլիք» ռազմակայան, որտեղ մոտ 250 գերմանացի զինծառայողներից բաղկացած զորախումբ է տեղակայված: Պաշտոնական Բեռլինն էլ, ի պատասխան, սկսեց դիտարկել իր զինվորներին Թուրքիայից դուրս բերելու հարցը:

Թուրքական պարբերականն անդրադարձել է նաև Մերկելի՝ Ադրբեջան այցից առաջ տեղի ունեցած դիվանագիտական մի սկանդալի: Կանցլերի պատվիրակության կազմում ընդգրկված՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, հայտնվել էր Բաքվի, այսպես կոչված՝ «սև ցուցակում»: 52-ամյա Վայլերը Գերմանիայի Քրիստոնեա-ժողովրդավարական միության՝ Անդրկովկասի հետ համագործակցության խորհրդարանական խմբի անդամ է։ Նա Գերմանիայի կառավարության պատվիրակության կազմում 2014 և 2016 թվականներին այցելել է ԼՂ։

Հայտնի է, որ Գերմանիայի ԱԳ նախարարությանը տևական բանակցություններից հետո անգամ չի հաջողվել հարթել այս խնդիրը: Վայլերի փոխարեն Մերկելի հետ Բաքու կմեկնի պատգամավոր Յոհան Վադեփուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG