Մատչելիության հղումներ

Դատական երկու տհաճ լուր Դոնալդ Թրամփի համար


Փոլ Մանաֆորթը մեղավոր է ճանաչվել, Ալեքսանդրիա, Վիրջինիա, 21-ը օգոստոսի, 2018թ.
Փոլ Մանաֆորթը մեղավոր է ճանաչվել, Ալեքսանդրիա, Վիրջինիա, 21-ը օգոստոսի, 2018թ.

ԱՄՆ դատարանը մեղավոր է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի նախըտրական թիմի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին, ով մեղադրվում է հարկերից խուսափելու և ֆինանսական տարատեսակ մեքենայությունների մեջ:

Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանն ապացուցված է համարել մեղադրանքի 18 կետերից 8-ը:

Մանաֆորթը չհայտարարագրված միջոցներ է վաստակել Ուկրաինայի ռուսամետ քաղաքական գործիչներին, այդ թվում` նախագահ Վիկտոր Յանուկովիչին քաղաքական և լոբբիստական ծառայություններ մատուցելու համար:

Այդ նույն օրը նախագահ Թրամփի երկար տարիների անձնական փաստաբան Մայքլ Քոենը Նյու Յորքում՝ Մանհեթենի շրջանային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանել է, որ Թրամփի հանձնարարությամբ ապօրինի ֆինանսական գործարքներ է կատարել:

Նա, մասնավորապես, գումար է վճարել կանանց, ովքեր համաձայնել են չպատմել Թրամփի հետ ունեցած «մտերմիկ հարաբերությունների» մասին:

Մանաֆորթի և Քոենի դատավարությունները լուրջ խնդիրներ են ստեղծում Թրամփի համար և անուղղակի կապ ունեն հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած քննության հետ, որի նպատակն է պարզել 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության, մասնավորապես, Թրամփի թիմակիցների և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումների հանգամանքները:

Քոենի դրվագը կապ չունի ռուսների ակտիվության հետ և ավելի շատ առնչվում է ամերիկյան ընտրական օրենքները ոտնահարելու և «լռության վճար» տրամադրելու հանգամանքին:

Եթե ապացուցվի, որ «լռության գումարը» տրամադրվել է 2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում, ապա դա, ըստ դաշնային օրենքների, դեռ այն ժամանակ պետք է հրապարակվեր:

Եթե պարզվի, որ Թրամփը գաղտնաբար է արտոնել այդ գումարների վճարումը, ապա դա կորակվի որպես հանցագործություն:

Մինչդեռ, Մանաֆորթի գործով երկրորդ՝ ավելի ծանր մեղադրանքով դատավարությունը, որն առնչվում է Թրամփի թիմի և ռուսների հանդիպումներին, նախատեսված է սեպտեմբերին մայրաքաղաք Վաշինգտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG