Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն «աննախադեպ» է որակում Կալաշնիկովի նոր նմուշների արտադրությունը Հայաստանում


ՀՀ Պն խոսնակ արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանյան Royalsys Engineering ltd ընկերությունն ու «Կալաշնիկով» կոնցերնը երեկ ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Հայաստանում հիմնվելու է Կալաշնիկովի նոր АК-12 և АК-1 նմուշների արտադրությունը։

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարած պատվիրակությունը երեկ Մոսկվայում մասնակցել է «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովին։

Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը մի շարք հանդիպումներ է ունեցել ռուսական ռազմատեխնիկական ոլորտի առանցքային ընկերությունների ղեկավարների հետ։

«Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունում հիմնված ցանկացած ձեռնարկություն մեզ համար կարևոր է, իսկ եթե հաշվի առնենք, որ այս դեպքում խոսքը գնում է կոնկրետ «Կալաշնիկով» կոնցերնի վերջին նմուշների զենքերի մասին, դա իհարկե աննախադեպ է և շատ կարևոր է մեզ համար։ Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ, ըստ էության, առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետությունում մասնավոր հայկական կազմակերպությունը և ռուսական պետական կազմակերպությունը, մասնավոր փայաբաժնով որոշակի, կնքում են նման համաձայնագիր», - «Ազատության»-ը հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կալաշնիկով» կոնցերնի 25 տոկոսը պատկանում է պետությանը, 75 տոկոսը՝ մասնավոր սեփականատերերին։ Սա ռուսական ռազմատեխնիկական ոլորտի թերևս ամենահայտնի ընկերությունն է։

«Նախկինում նման բան չի եղել Հայաստանի Հանրապետությունում։ Սա շաբաթներ տևած քննարկման արդյունք է։ Իրականում մենք ռուսական ռազմարդյունաբերության ձեռնարկությունների հետ՝ և՛ պաշտպանողական զենքերի, և՛ հարձակվողական, և՛ հատկապես տրանսպորտային միջոցների առումով շատ մեծ հետաքրքրություններ ունենք, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Պաշտպանության նախարարն, ըստ էության, այսօր հանդիպումներ ունեցավ ռուսական ռազմաարդյունաբերական ամենախոշոր հսկաների հետ և բոլորի հետ էլ կա համագործակցություն, մենք ունենք հետաքրքրություններ այդ ուղղություններով, որի ուղղությամբ, բնականաբար, ակտիվ աշխատում ենք», - ասաց ՀՀ ՊՆ խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG