Ռուսաստանում առաջին անգամ՝ Խորհրդային միության փլուզումից հետո, մարդուն դատում են անեկդոտի համար. Սանկտ Պետերբուրգում երկրորդ օրն է՝ դատարանը քննում է ակտիվիստ, բլոգեր, երկրորդ կարգի հաշմանդամ էդուարդ Նիկիտինի գործը:
Ակտիվիստը դեռ երեք տարի առաջ ВКонтакте-ում անեկդոտ էր հրապարակել, որտեղ որդին հորը հարցնում է՝ «հնարավո՞ր է արդյոք երկրում փոփոխությունների հասնել ընտրություններից հետո» ու ստանում, մեղմ ասած, բացասական պատասխան:
Կատակի պատճառով Նիկիտինը հիմա կանգնել է դատարանի առաջ՝ ատելություն կամ թշնամություն սերմանելու մեղադրանքներով, նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
Դատախազությունը, սակայն, միջնորդել է կալանավորելու փոխարեն ակտիվիստին հարկադիր բուժման ուղարկել:
«Բրեժնևից ժամանակներից ի վեր ես նման բան չէր լսել», -«Ազատության» ռուսական ծառայությանն ասել է վերջինիս պաշտպան Մաքսիմ Կամակինը:
«Դատախազության փորձագետները եզրակացրել են, որ այդ անեկդոտը քողարկված ձևով անվստահություն է հայտնում Ռուսաստանի՝ օրինական ճանապարհով ընտրված պատգամավորներին, պաշտոնյաներին, պետական ծառայողներին ու կասկածի տակ դնում երկրում դրական փոփոխությունների հասնելու հնարավորությունը: Այլ կերպ ասած, եթե դուք չեք հավատում պատգամավորներին, երկրի նախագահին, չինովնիկներին, առավել ևս՝ կասկածի տակ եք դնում նրանց կողմից դրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը, ապա կարող եք մեղադրվել ծայրահեղականության հոդվածով: Ընդ որում, այս եզրակացությունը տված փորձագետներից մեկը բարձրագույն կրթությունը ստացել է գիտական կոմունիզմի գծով, և թերևս հենց այդ գիտելիքների հիման վրա էլ տվել է այդ գնահատականը», - ասել է Կամակինը:
Պաշտպանական կողմը դատարանում փաստել է, որ մեղադրանքը կառուցված է միայն փորձագետների ենթադրությունների ու մտացածին եզրահանգումների վրա՝ միջնորդելով դրանք որպես ապացույց չդիտարկել։ Դատարանը, սակայն, երեկ մերժել է միջնորդությունը:
«Գրական խոսքերով չեմ կարող նկարագրել՝ ինչ է կատարվում, այլ բառապաշար էլ չեմ ուզում օգտագործել», - ասել է Նիկիտինը
Սկզբում քննիչը զանգեց, 2016-ին էր, նյութեր էին նախապատրաստում, դրանից հետո՝ ավելի քան մեկ տարի, ինձ չանհանգստացրին, սակայն, 2017-ի վերջում արդեն մեկ այլ քննիչ զանգեց, կանչեցին զրույցի և տեղեկացրին, որ քերական գործ է հարուցվել:
Ռուսաստանցի իրավապաշտպանները փաստում են, որ վերջին շրջանում սոցցանցերում արված գրառումները հաճախ են դառնում քրեական հետապնդման պատճառ, ընդ որում, մտահոգիչն այն է, որ դրանք արձանագրվում և պահվում են որպես գործիք՝ պետք եղած ժամանակ օգտագործելու համար։