Մատչելիության հղումներ

Գյումրիում կայանատեղիների աշխատակիցները պահանջում են օրինականացնել իրենց գործունեությունը


Գյումրիում այսօր կայանատեղիների մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ մամուլի ասուլիս էին հրավիրել, ապա բողոքի ցույց անցկացրին քաղաքապետարանի դիմաց:

Նրանց բարձրաձայնած խնդիրը ըստ էության նախկին ու գործող քաղաքային իշխանությունների միջև հեռակա վեճերից մեկն է:

Բանն այն է, որ 1999-ից մինչև 2012-ը Գյումրին ղեկավարած Վարդան Ղուկասյանը իր պաշտոնավարման ընթացքում 99 տարի ժամկետով պայմանագիր էր կնքել անհատ ձեռներեց Տարոն Գասպարյանի հետ, որպեսզի վերջինս Վարդանանց հրապարակի ու քաղաքի կենտրոնական այլ փողոցներում ավտոկայանատեղիների համար կառուցապատում իրականացնի:

Ըստ էության կառուցապում այդպես չի իրականացվել, և քաղաքային իշխանության փոփոխությունից հետո կռվախնձոր դարձած ավտոկայանատեղիների հարցը դատական ճանապարհով լուծում ստացավ: Անհատ ձեռներեցի հետ արդեն 2 տարի է, պայմանագիրը խզված է, իսկ անտոկայանատեղիները Գյումրու ավագանու որոշմամբ անվճար են: Չնայած այս հանգամանքին՝ աշխատակիցները շարունակում են գումարներ հավաքել տեղում կայանող վարորդներից:

Ընդունելով, որ անօրինական գործունեություն են ծավալում՝ միաժամանակ պնդում են, որ այլ ելք չունեն ընտանիք պահելու համար: Հաշվարկ են անում ու ասում, որ տեղական բյուջեն կշահի, եթե ավտոկայանատեղիները օրինականացվեն: Նրանց հաշվարկներով, իրենք կարող են տարեկան 18 մլն դրամ մուծում քաղաքապետարանի բյուջե:

Ասուլիսին միացած ավագանու անդամներից Լևոն Բարսեղյանը բացատրեց, թե ինչու են գնացել կտրուկ քայլի ու անվճար դարձրել ավտոկայանատեղիները․ - «Ավագանին որոշել է, որ պրոբլեմը լուծելու ամենահեշտ եղանակը․․․»

Բողոքողներից մեկի համոզմամբ՝ սա ներկա ու նախկին քաղաքապետերի կռիվն է, որի արդյունքում իրենք են տուժում․ - «Ինքը անձնական բախում ունի Վարդանի հետ»:

Բողոքով հասան նաև քաղաքապետարան: Քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը լսեց վերջիններիս ու վերահաստատեց՝ կա ավագանու որոշում՝ ավտոկայանատեղիներն անվճար են, իսկ գումար հավաքելն էլ անօրինական է:

Թեժ վիճաբանությունից հետո ավտոկայանատեղիների աշխատակիցները հեռացան՝ հայտարարելով, որ կշարունակեն աշխատել ու գումարներ հավաքել՝ թեկուզ անօրինական ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG