Մատչելիության հղումներ

Անազատության մեջ գտնվող գեներալի լուսանկարի հրապարակումը քննադատությունների ալիք է բարձրացրել


Մանվել Գրիգորյան, արխիվ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել՝ պարզելու, թե ինչպես է անազատության մեջ գտնվող գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի լուսանկարը հայտնվել «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքէջում։

Երեկ «Օրվա կադրը» վերնագրի ներքո թերթը հրապարակել էր մի լուսանկար, որում երևում է բանտախցում մահճակալի վրա նստած Գրիգորյանը՝ սպիտակ ներքնազգեստով : Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ:

Արդարադատության նախարարը դատապարտում է անազատության մեջ գտնվող անձի լուսանկարի հրապարակումը՝ այն որակելով մարդու իրավունքների խախտում։ «Եթե նույնիսկ դատապարտյալը կամ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը՝ իրեն լուսանկարելու և հրապարակելու, զանգվածային լրատվության միջոցը պետք է ծանրութեթև անի՝ հրապարակե՞լ, թե ոչ: Որովհետև ազատազրկման մեջ գտնվող անձի կամքն ազատորեն չի ձևավորվել: Այդ սկզբունքից ելնելով է նաև, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել այդ լուսանկարը, անկախ անձից և նրա նկատմամբ եղած վերաբերմունքից: Այդ իրավունքն ունիվերսալ է և չի կարող խտրական ձևով կիրառվել»,- այսօր լրագրողներին ասաց Արտակ Զեյնալյանը:

Նա հավելեց՝ լուսանկարից պարզ է դառնում, որ այն ավելի վաղ է արված, երբ գեներալը, մինչև կալանավորումը, պահվում էր ոչ թե արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկում, այլ ձերբակալվածների պահման վայրում: ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ձերբակալման ընթացքում գեներալը պահվել է ԱԱԾ ձերբակալվածների պահպման վայրում։ Գալստյանը նշեց, որ ծառայությունը այժմ պարզում է գեներալին լուսանկարելու և այդ լուսանկարը հրապարակային դառնալու մանրամասները:

Լուսանկարը հրապարակելուց հետո համացանցում քննադատության ալիք բարձրացավ՝ մարդու իրավունքները խախտելու համար, ինչից հետո «Հայկական ժամանակը» հեռացրեց այն ու ներողություն խնդրեց ընթերցողներից։ «Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք՝ պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում»,- գրել էր «Հայկական Ժամանակը»։

Իրավապաշտպանները ևս քննադատում են տեղի ունեցածը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել լուսանկարի հեղինակին, ինչպես նաև այն տարածողին։ Վարդան Հարությունյանը պնդում է․ «Մարդիկ սիորմ են սենսացիաներ, եթե սա սենսացիաների շարքին դասենք: Բյաց միևնույն է՝ պետք է հետևողական լինել, ու պետք է լիեն պատժվողներ»,- ասաց իրավապաշտպանը:

Ի տարբերություն ազատության մեջ գտնվողների, անազատության մեջ պահվող մարդիկ չեն կարող լիարժեքորեն տնօրինել իրենց իրավունքները, նրանց կարող են գաղտնի լուսանկարել կամ ստիպել՝ գնալ քայլերի, կամ էլ անել օրենքից դուրս գործողություններ, ասում է իրավապաշտպանը՝ հորդորելով զգույշ վարվել նման դեպքերում: «Ամենամեծ պաշտպանության կարիք ունենա նրանք, ովքեր հայտնվել են կալանավայրերում, և նրանք, ում հասարակությունը համարում է հանցագործ»,- պնդում է իրավապաշտպանը:

Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն «Ազատությանը» փոխանցեց՝ պաշտպաններով կքննարկեն այս հարցը և անհրաժեշտության դեպքում հանդես կգան հայտարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG