Microsoft -ը հայտարարում է, որ ռուս հաքերները հիմա էլ թիրախավորել են ամերիկյան Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները․ կեղծ ինտերնետ-կայքերի ցանց է ստեղծել և կիբերհարձակումներ սկսել կոնգրեսական թեկնածուների դեմ:
Ըստ Microsoft -ի, մասնավորապես, այս անգամ հաքերների ուշադրության կենտրոնում են հայտնվել Վաշինգտոնում գործող երկու կազմակերպություններ, որոնք պահպանողական հայացքներ ունեն և առավել կոշտ դիրքորոշում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: Դրանք են՝ Հադսոնի ինստիտուտն ու Հանրապետական միջազգային ինստիտուտը: Ծրագրավորման ոլորտի հսկան պնդում է, թե հայտնաբերվել են վիրուսներ, որոնք ստեղծում են այդ ինստիտուտների էլեկտրոնային փոստ մտնելու կրկնապատճենը, բացում կեղծ էջեր՝ օգտատերերի գաղտնաբառերը գողանալու և նրանց անձնական նամակագրությունը կորզելու համար: Բացի այդ, ստեղծվել են ամերիկյան Սենատի պաշտոնական կայքին նմանվող մի քանի ինտերնետային էջեր, թերևս կեղծ տեղեկատվություն տարածելու նպատակով:
Microsoft-ի նախագահը պնդում է, որ հարձակումների հետևում կանգնած է Strontium կամ Fancy Bear կոչվող հաքերային խումբը, որի հետքերն, ըստ կիբերանվտանգությամբ զբաղվող կազմակերպությունների, տանում են դեպի Մոսկվա, մասնավորապես, Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչություն:
«Ցավոք, որոշ երկրների կառավարությունները համացանցն օգտագործում են տեղեկատվություն գողանալու, կեղծ լրատվություն տարածելու, ընտրություններին միջատելու կամ նման փորձեր անելու համար»,- հայտարարել է Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը, հավելելով․ «Մենք սրա ականատեսը դարձանք 2016-ի ամերիկյան նախագահական ընտրություններում, անցած մայիսին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, հիմա էլ, առավել ընդարձակ ձևով, ամերիկյան միջանկյալ ընտրություններից առաջ»:
Նոր հարձակումների թիրախում է, մասնավորապես, Հանրապետականների ուղեղային կենտրոնը համարվող Միջազգային հանրապետական ինստիտուտը, որի ղեկավար մարմնում ընդգրկված են կուսակցության վեց հեղինակավոր սենատորներ, այդ թվում՝ Արիզոնայից ընտրված Ջոն Մըքքեյնը, ով հայտնի է նախագահ Պուտինի ու Ռուսաստանի հասցեին կոշտ քննադատությամբ:
Մյուս կազմակերպությունը՝ Հադսոնի ինստիտուտը, զբաղվում է կիբերանվտանգության, ժողովրավարության ամրապնդման ու կոռուպցյաի դեմ պայքարի հարցերով: Վերջին տարիներին այս կառույցում ուսումասիրում են կլեպտոկրատիայի (ավազակապետության) աճը հատկապես Ռուսաստանում: Կազմակերպությունը մի շարք քննադատական հոդվածներ է հրապարակել Պուտինի կոռումպացված վարչակազմի մասին: «Սա այն արշավի շարունակությունն է, որ Կրեմլն իրականացնում է ժողովրդավարության ու մարդու իրավուքնների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների դեմ»,- Financial Times ին ասել է Միջազգային Հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թվինինգը, հավելելով․ «Նրանց նպատակն ակհայտ է՝ շփոթություն, վախ ու պատակտում տարածել այն շրջանակներում, որոնք քննադատում են Պուտինի բռնապետական ռեժիմը»:
Պաշտոնական Կրեմլը կտրականապես հերքում է այս մեղադրանքներն ու պնդումները, թե հաքերային հարձակումներ է կազմակերպում Ռուսաստանում ու երկրի սահմաններից դուրս գործող ընդդիմախոսների դեմ: Այսօր էլ նախագահ Պուտինի խոսնակը հայտարարել է, թե Կրեմլում չգիտեն՝ ինչի վրա են հիմնված Microsoft-ի եզրակացությունները: «Մենք չգիտենք՝ ինչ հաքերների մասին է խոսքը, չգիտենք ինչ է նշանակում՝ ազդել ընտրությունների վրա»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ, հուլիսի վերջին, սոցիալական ցանցերի հսկան՝ Facebook-ն էր հաղորդել, որ փակել է ավելի քան երեսուն էջ ու օգտահաշիվ, որոնց միջոցով փորձել են ազդել առաջիկա միջանկյալ ընտրությունների վրա: Facebook-ը պնդել էր, թե դրա հետևում կանգնած է Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուսական «Ինտերնետ հետազոտությունների գործակալությունը»:
Ամերիկյան կոնգեսի առաջիկա ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 6-ին, որի արդյունքում ամբողջությամբ կընտրվի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան կազմը: Կընտրվեն նաև Սենատի 100 ներկայացուցիչներից 35-ը: